AM
29 Հունվար 2016 - 09:45 AMT

Նախարար. ՀՀ դեմ ՄԻԵԴ-ի որոշումները վերլուծում ենք և բարեփոխումներ անում

ՄԻԵԴ ցանկացած որոշումից հետո վերլուծություններ և բարեփոխումներ են լինում: Այս մասին, անդրադառնալով ՀՀ դեմ ՄԻԵԴ-ի որոշումներին, հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ բոլոր պետություններն էլ ձգտում են, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իրենց դեմ վճիռներ չկայացնի։ հովհաննիսյանն ընդգծել է, որ Հայաստանը վատթարագույն վիճակում չի գտնվում այդ ցուցանիշներով:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հունվարի 21-ին ընդդեմ Հայաստանի երեք գործով վճիռ է կայացրել: Երեք գործով էլ վճիռն ընդդեմ Հայաստանի է՝ հօգուտ դիմող կողմի: Վճիռներից երկուսը վերաբերում էին «Գույումչյանն ընդդեմ Հայաստանի», «Թովմասյանն ընդդեմ Հայաստանի» գործերին, որոնցում բավարարվել է դիմող կողմի պահանջը, և ՄԻԵԴ-ը գտել է, որ խախտվել է քաղաքացիների՝ Վճռաբեկ դատարան դիմելու իրավունքը: Իսկ երրորդ՝ «Սաֆարյանն ընդդեմ Հայաստանի» գործն առնչվում է Սաֆարյանի բողոքին առ այն, որ նրան չի հաջողվել կիսել և փոխանցել Երևանի կենտրոնում գտնվող ունեցվածքը երեխաներին, ինչպես նաև պաշտոնապես գրանցել սեփական հողատարածքում կառուցած տաղավարը: Տաղավարը կառուցվել էր առանց թույլտվության 1993-ից առաջ:

Հովհաննիսյանը նշել է, որ ՄԻԵԴ որոշումներից հետո և վերլուծություններ, և օրենսդրական բարեփոխումներ են լինում:

«ՄԻԵԴ-ի ցանկացած որոշում հիմք է, որպեսզի վերլուծվի, թե որտեղ են եղել բացթողումները. օրենսդրական մակարդակո՞ւմ, թե՞ կիրառման արդյունքում։ Յուրաքանչյուր գործով մենք պետք է քայլերի հաջորդականություն ունենանք վերլուծությունից հետո», – ասել է նա, գրում է Aravot.am-ը։

Անդրադառնալով «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ ճնշումների մասին հրապարակումներին, նախարարը նշել է, որ ստուգումներ եղել են, Սաֆարյանի նկատմամբ որևէ բռնաճնշում չի եղել:

«Թե դիտորդական խումբը, թե իրավապաշտպան կազմակերպություններն այցելել են նրան, նրա հետ զրուցել են։ Նա ասել է, որ ամեն ինչ իր մոտ նորմալ է և եթե այդպես ամեն ինչ լինի, խնդիր չի լինի։ Մինչ այս պահը, եթե չեմ սխալվում, դժգոհություններ չկան», – ասել է Հովհաննիսյանը։

Նախարարը նշել է, թե վստահ է, որ Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չկան, և քաղբանտարկյալ չէ նաև Գևորգ Սաֆարյանը, գրու մէ Tert.am-ը:

Սաֆարյանը հայտարարում էր, թե քրեական տարրերն իրեն ճնշում և բռնության են ենթարկում: