AM
29 Հունվար 2016 - 11:59 AMT

Շիրակում բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողով կստեղծվի

ՀՀ կառավարությունը հունվարի 29-ի նիստում լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Շիրակի մարզում նոր՝ 3-րդ բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով ստեղծելու (ԲՍՓՀ) նպատակով:

ԲՍՓՀ-ն տարեկան կփորձաքննի մոտ 2.600 անձի, ինչի արդյունքում կբարձրանա փորձաքննությունների որակը և քաղաքացիների հերթեր չեն գոյանա:

Կբարձրանա նաև բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում մատուցվող մանկական ծառայությունների որակը, այդ թվում՝ մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական անհատական ծրագրերի մշակման և կազմման:

Կառավարության որոշմամբ կկանոնակարգվի ՀՀ պետական կառավարման մարմինների աշխատողներին կատարողականների հիման վրա պարգևատրման գործընթացը, մասնավորապես սահմանելով աշխատողների կատարողականների կիսամյակային գնահատականների հիման վրա պարգևավճարի հաշվարկի հստակ մեխանիզմ: Կհստակեցվի նաև մեկ կիսամյակի ընթացքում պետական իշխանության մարմնի աշխատակազմում և պետական իշխանության մի մարմնից պետական իշխանության մեկ այլ մարմին առանց աշխատանքի ընդհատման տեղափոխվելու դեպքերում այն աշխատողների պարգևատրման չափը, ովքեր ձեռք են բերել պարգևատրման իրավունք (կատարողականի կիսամյակային գնահատականը 75% և ավելի է):