ՀՀ-ում դեռևս չի ձևավորվել սահմանադրական իրավամտածողության անհրաժեշտ մակարդակ: Այս մասին ՀՀ սահմանադրական դատարանի կազմավորման 20-ամյակին նվիրված հանդիսության ժամանակ ունեցած ելույթում հայտնել է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:
Միաժամանակ նա նկատել է.
«Բազմաթիվ երկրների մեր գործընկերների անթաքույց համոզումն է, որ սահմանադրական արդարադատության ոլորտում Հայաստանը դարձել է միջազգային ճանաչված կենտրոններից մեկը»:
Այնուհետև ՍԴ նախագահը խոսել է անհետաձգելի լուծում պահանջող սահմանադրաիրավական առանձին խնդիրների մասին, քանի որ, ըստ Հարությունյանի, Հայաստանում իրավունքի ու Սահմանադրության գերակայության երաշխավորման գործում անելիքներն ավելին են, քան արվածն է:
Նախ, Հարությունյանի խոսքով, ՀՀ-ում դեռևս չի ձևավորվել սահմանադրական իրավամտածողության անհրաժեշտ մակարդակ, իրավունքի գերակայությունը չի դարձել անհատի սոցիալական վարքագծի, քաղաքական ինստիտուտների քաղաքական վարքագծի ու հանրային իշխանության հանրային վարքագծի առանցքը,
երկրորդ` չի երաշխավորված սահմանադրական վերահսկողության համակարգային ամբողջականությունը: Միայն դատական սահմանադրական վերահսկողության միջոցով, առանց այս ոլորտում այլ ինստիտուտների գործառույթների լիարժեք իրացման, անհնարին է արդյունավետ երաշխավորել Սահմանադրության ու իրավունքի գերակայությունը,
երրորդ` գործառութային ու կառուցակարգային մինչև այժմ եղած լուծումները լիարժեք չեն երաշխավորել մարդու իրավունքների անմիջական գործողությունը, բավարար չէ դրանց երաշխավորման, ապահովման ու պաշտպանության համակարգի գործունակությունը,
չորրորդ` այս տարիներին սահմանադրական դատարանը գործել է սահմանադրական արդարադատության անկատար համակարգի պայմաններում, չի ներդրվել լիակատար սահմանադրական գանգատի ինստիտուտը, բավարար իրավական երաշխիքներ չեն ստեղծվել սահմանադրական դատարանի որոշումների կատարումն ապահովելու համար, ինչի մասին բազմիցս արձանագրվել է սահմանադրական դատարանի տարեկան հաղորդումներում:
հինգերորդ` գրեթե անգործության են մատնված սահմանադրական դատարանում պետական իշխանության տարբեր մարմինների ներկայացուցիչների` օրենքով նախատեսված ինստիտուտները, վեցերորդ` օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի սահմանադրականության հարցերով սահմանադրական դատարան դիմելու իրենց սահմանադրական իրավասությունը չեն իրացնում ՀՀ կառավարությունը, տեղական ինքնակառավարման մարմինները, իսկ դատարանները բավարար ակտիվությամբ հանդես չեն գալիս,
յոթերորդ` երկրում դեռևս ցածր է հասարակական հարաբերությունների սահմանադրականացման մակարդակը, չեն հաղթահարված սահմանադրականության դեֆիցիտը, սահմանադրական հիմնարար արժեքների ու սկզբունքների ձևախեղումները, հակասությունները Սահմանադրության, իրավական համակարգի ու իրավակիրառական պրակտիկայի միջև, ինչպես նաև չի ներդրված սահմանադրական մշտադիտարկման հստակ համակարգ` դրանում կարևոր դերակատարություն վերապահելով նաև քաղաքացիական հասարակության ինստիտուտներին, իսկ տնտեսական, քաղաքական ու վարչական ներուժի սերտաճումն աղճատում է իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքի իրացումը` ընդհուպ դառնալով ազգային անվտանգության սպառնալիք:
Հարությունյանի խոսքով՝ թվարկված հիմնախնդիրների համակարգային լուծման լրջագույն նախադրյալներ են ստեղծվել սահմանադրական վերջին փոփոխություններով: Սակայն դրանք կարող են կյանքի կոչվել միայն անհրաժեշտ օրենսդրական երաշխիքների ապահովման ուղղությամբ տարվող համակարգված և հետևողական աշխատանքի արդյունքում, գրում է Panorama.am-ը:
ՍԴ նախագահը տեղեկացրել է, որ ներկայումս սահմանադրական դատարանում օրենքի սահմանադրականության հարցով գործերի 90%-ից ավելին քննության է առնվում քաղաքացիների դիմումների հիման վրա: Տարեկան սահմանադրական դատարան է դիմում 1.600-ից ավելի ֆիզիկական ու իրավաբանական անձ:
«Քննության է ընդունվում դիմումների մոտ 7.5%-ը, միջազգային պրակտիկայում այդ թիվը տատանվում է 2.5-5%-ի սահմաններում` պայմանավորված նաև անհատական սահմանադրական գանգատի ինստիտուտի առանձնահատկություններով», – նշել է Հարությունյանը:
Ներկայցված տվյալների համաձայն, անցած քսան տարվա Հայաստանի սահմանադրական դատարանը դատաքննության արդյունքով վերջնական որոշում է ընդունել 1.252 գործով` արտահայտելով սահմանադրական իրավունքի աղբյուր հանդիսացող կարևոր իրավական դիրքորոշումներ, ինչպես նաև կայացրել է 1.500-ից ավելի աշխատակարգային որոշում: Ամբողջությամբ կամ մասնակիորեն հակասահմանադրական են ճանաչվել թվով 67 օրենքի և այլ նորմատիվ իրավական ակի 209 տարբեր հոդված ու դրույթ, այդ թվում` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` 19 և քրեական դատավարության օրենսգրքի 37 հոդված կամ առանձին դրույթ` առաջադրելով նաև այդ օրենսգրքերի համակարգային վերափոխման խնդիր:
«Երկրում սահմանադրական օրինականության երաշխավորման անհրաժեշտու թյունից ելնելով՝ հակասահմանադրական են ճանաչվել ամբողջ իրավական ինստիտուտներ, ինչպիսիք են` գործերը լրացուցիչ նախաքննության ուղարկելու ինստիտուտը, նոր հանգամանքներով գործը վերանայելու ինստիտուտը, քրեական ու վարչական դատավարության ոլորտներում նախկինում գործող դատարանակազմական լուծումները: Սահմանադրական դատարանի որոշումների հիման վրա նշված ոլորտներում կատարվել են համակարգային փոփոխություններ, իսկ ՀՀ Ազգային ժողովում ներկայացվել է հարյուրից ավելի օրենսդրական նախաձեռնություն`գործող օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ»,- ասել է ՍԴ նախագահը:
Հարությունյանը նշել է, որ անցած տարիներին սահմանադրական դատարանը քննության է առել 43 ընտրական վեճ, անվավեր են ճանաչվել համապատասխան ընտրական հանձնաժողովների որոշումները կամ ընտրությունների արդյունքները թվով 8 ընտրատարածքում, ինչպես նաև քվեարկության արդյունքները` թվով 40 ընտրական տեղամասում: Քննության առնելով միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների սահմանադրականությունը` Սահմանադրությանը հակասող են ճանաչվել միջազգային հինգ պայմանագրի տարբեր դրույթներ, իսկ 16-ը չի ընդունվել քննության` օրենքի պահանջներին չհամապատասխանելու պատճառով:
Փետրվարի 5-ին Կառավարության ընդունելությունների տանը, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, կայացավ ՀՀ սահմանադրական դատարանի կազմավորման 20-ամյակին նվիրված հանդիսություն։
Հանդիսությանը մասնակցում էին՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, խմբակցությունների ղեկավարներ, հանձնաժողովների նախագահներ, պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ։





