AM
6 Փետրվար 2016 - 08:09 AMT

Սամվել Կարապետյանը ԼՂՀ ընտանիքներում ծնված 4-րդ երեխայի համար $5000 կնվիրի, 5-րդի՝ բնակարան

ԱՀ կառավարության նիստում նախագահ Բակո Սահակյանը տեղեկացրել է, որ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանն այսուհետև $5000 է տրամադրելու Արցախի յուրաքանչյուր ընտանիքում ծնված չորրորդ երեխային: Այս մասին հայտնել է վարչապետի խոսնակ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում:

Նա նաև տեղեկացրել է, որ հինգերորդ երեխայի առթիվ էլ «Հայաստան» համահայկական հիմնադրամն ու ԱՀ կառավարությունը բնակարան են տալու ընտանիքներին:

«Էնպես որ գոնե երրորդ երեխայից հետո արժե վերաբնակվել Արցախում, սիրելի՛ ոչ արցախաբնակ ընկերներ»,- գրել է Բեգլարյանը:

2011-ին Սամվել Կարապետյանի մոտ 2 մլն դոլար նվիրատվությամբ Արցախի Մարտունի քաղաքում լուծվել է խմելու ջրի հարցը: Կառուցվել է 325 մմ տրամագծով 11,2 կիլոմետր երկարությամբ խողովակաշար:

Մարտունի քաղաքը չուներ ոռոգման ջուր:Խողովակաշարի կառուցմամբ, խնդիրը գրեթե ամբողջությամբ լուծվել է. ոռոգման ջրով ապահովվել է Մարտունի քաղաքի բնակչության 70%-ը:

2016-ի հունվարին «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն ըստ Forbes-ի հայտնվել է երրորդ հորիզոնականում ՌԴ անշարժ գույքի «արքաների» նոր վարկանիշում: Ըստ պարբերականի, գործարարի եկամուտը անշարժ գույքի ոլորտում 2015-ին կազմել է մոտ $610 մլն: