AM
15 Փետրվար 2016 - 08:52 AMT

Ուսուցիչը 600.000 դրամով տուգանվել է՝ ընտրակեղծարարության համար

Նոր Նորք վարչական շրջանի առաջին ատյանի դատարանը ընտրակեղծարարության մեջ մեդարվող թիվ 104 միջնակարգ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ Անահիտ Աթայանին փետրվարի 15-ին տուգանել է 600.000 դրամով։

Աթայանը մեղադրվում է հանրաքվեի օրը կրկնակի քվեարկություն կատարելու մեջ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նախորդ դատական նիստի ժամանակ Աթայանը պահանջել էր կիրառել արագացված դատավարություն։ Ուսուցիչը միջնորդել էր նաև արգելել տեսանկարահանումը՝ պատճառաբանելով, թե դա կարող է վարկաբեկել իր հեղինակությունը։ Դատարանը բավարարել էր միջնորդությունները։

Փետրվարի 5-ի դրությամբ Սահմանադրական հանրաքվեի առնչությամբ հարուցվել է 67 քրեկան գործ, 28 քրեական գործով 32 անձ է ներգրավված՝ որպես մեղադրյալ, իսկ 18 քրեական գործ, 21 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Երկու քրեական գործով երկու անձի վերաբերյալ արդեն կայացվել է մեղադրական դատավճիռ:

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում փետրվարի 3-ին տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի օրն այլ անձի փոխարեն քվեարկելու համար հարուցված քրեական գործով դատական նիստ:

Ամբաստանյալ Մհեր Ռշտունին 2015-ի դեկտեմբերի 6-ին կայացած ՀՀ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի օրը պետք է քվեարկեր Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 10/6 ընտրատեղամասում: Դրա փոխարեն նա գնացել է Կենտրոն վարչական շրջանում գտնվող Երվանդ Քոչարի 12/1 հասցեում, Նար Դոսի անվան դպրոցում տեղակայված 10/14 ընտրատեղամաս և քվեարկել է այլ անձի՝ Ժենյա Ղասաբօղլյանի փոխարեն և ստորագրել ընտրացուցակի 562 համարի դիմաց:

Մհեր Ռշտունու նկատմամբ պատիժ նշանակվեց տուգանք 500.000 դրամի չափով:

Թիվ 9/2 ընտրական տեղամասի անդամ Զավեն Միրիջանյանը 2015-ի նոյեմբերի 25-ին, ՀՀ քաղաքացիների հանրաքվեի իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դիտավորությամբ, հանդիպել է նույն հանձնաժողովի անդամ Վ. Հարությունյանին և նյութապես շահագրգռելով պահանջել է ձեռք բերել և իրեն տրամադրել վստահված անձանց տրվող, չլրացված երկու վկայականներ, իսկ հանրաքվեի օրը՝ իր ասած ժամին որոշակի ժամանակով լքել քվեարկության սենյակը: Դատավորը որոշել է, որ այն 100 հազար դրամը, որը Զավեն Միրիջանյանը որպես կաշառք առաջարկել էր տալ Հայ Ազգային Կոնգրեսի անդամին, բռնագանձել հօգուտ պետության, նշանակել 2 տարի փորձաշրջան՝ նրան անհապաղ ազատ արձակելով դատարանի դահլիճից։