AM
24 Փետրվար 2016 - 09:58 AMT

ՀՀ-ն և Իրանը մտադիր են զարգացնել գործակցությունը բնապահպանության ոլորտում

Փետրվարի 22-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում է ունեցել Իրանի փոխնախագահ, Իրանի շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության ղեկավար Մասումե Էբթեքարի հետ: Դեսպան Թումանյանը նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև առկա է շրջակա միջավայրի բնագավառում համագործակցության դրական փորձ` ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով:

Փոխնախագահ Էբթեքարը գոհունակությամբ նշել է, որ վերջին տարիներին Իրանի և Հայաստանի միջև փոխգործակցությունը բնապահպանության ոլորտում ամրապնդվել է, մասնավորապես, ստորագրվել է համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:

Հայ-իրանական հարաբերությունների զարգացման համատեքստում երկուստեք ընդգծվել է, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը նոր հեռանկարներ է բացում երկկողմ համագործակցության զարգացման ու ամրապնդման տեսանկյունից, այդ թվում` բնապահպանության ոլորտում:

Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Արաքս գետի աղտոտվածության խնդիրը, հայ-իրանական սահմանին ազգային բարեկամության արգելոցի հիմնման, էկոտուրիզմի զարգացման, որոշ կենդանատեսակների պահպանության համար ծրագրերի մշակման հարցերը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Փետրվարի 19-ին ՀՀ նախագահը խորհրդակցություն էր հրավիրել` նվիրված Իրանի հետ ՀՀ հարաբերությունների օրակարգային հարցերին, կոնկրետ աշխատանքների վերաբերյալ հանձնարարականների կատարման ընթացքին, որոնց մասին զեկուցել է Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը: «Կցանկանայինք հասկանալ՝ ի՞նչ է մտածում իրանական կողմը, ի՞նչ հավելյալ քայլեր կարող ենք անել, որպեսզի, Հայաստանը դիտարկվի որպես գերակա տարանցիկ ուղի, որովհետև, կարծում եմ, շատ-շատերը գիտեն, որ սա ոչ միայն իրանական տրանսպորտի անցում է Հայաստանի ճանապարհներով, այլ շատ լուրջ խթան է Հայաստանի տնտեսության զարգացման համար», – ասել է նախագահը:

«Մենք մեր աշխատանքը կառուցում ենք հետևյալ սկզբունքների վրա՝ մեր տարածաշրջանում երկու կարևորագույն քաղաքական իրողություններ են տեղի ունեցել, առաջին՝ Իրանի նկատմամբ վերացվել են միջազգային տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները, և երկրորդ, որը մեզ համար շատ կարևոր է՝ մեր երկիրը դարձել է ԵԱՏՄ անդամ: Սա մեզ համար սկզբունքային է մեր տնտեսական խնդիրները կառուցելու համար», – ասել էր դեսպանը: