ԱՄՆ նոր դեսպանի ներակյությունը Հայաստանում չափազանց կարեւոր է հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացման համար: Այդ մասին Երեւանում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին: «Հայաստանի կառավարությունն արդեն տվել է իր համաձայնությունը նոր դեսպանի վերաբերյալ, նրա թեկնածությունն առաջադրել է Վաշինգտոնը, մնացել է հաստատել այն ԱՄՆ Սենատում: Ես կարծում եմ, որ մոտ ապագայում ԱՄՆ դեսպանը կժամանի Երեւան»,-նշել է Գոդֆրին: Ամերիկացի դիվանագետը նշել է նաեւ, որ վերջնական որոշումն ընդունվում է Վաշինգտոնում: «Թե որքանով են մեզ համար կարեւոր Հայաստանի հետ հարաբերությունները երեւում է այն փաստից, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ է նշանակվել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Մեթյու Բրայզան»,-ասել է Գոդֆրին:





