AM
24 Հունվար 2007 - 13:39 AMT

Հրանտ Դինքին սպանեց այն նույն արյունոտ ձեռքը, որից ընկան նրա միլիոնավոր նախնիները

Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի եղեռնական սպանությունը դատապարտում է ու իր զայրույթն է արտահայտում ողջ Շվեդիան եւ շվեդահայությունը, դրան ձայնակցում են Շվեդիայի թուրք առաջատար մտավորականությունը եւ թուրքական կենտրոնական ֆեդերացիան: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել Եվրոպայի հայերի ասոցիաիցիայի նախագահ Կարո Հակոբյանը, ողջ համաշխարհային հանրության հետ միասին Շվեդիան եւս իր հարգանքի տուրքը մատուցանեց Հրանտ Դինքին եւ դատապարտեց այս մեծ մարդու եղեռական սպանությունը: Արդարություն պահանջող բողոքագրերով հանդես եկան Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդը, Ձախ, Քրիստոնյա դեմոկրատ եւ այլ խորհրդարանական կուսակցություններն ու քաղաքական եւ հասարակական բազմաթիվ կազմակերպություններ եւ մտավորականներ: Երեքշաբթի բողոքի ցույց տեղի ունեցավ Ստոքհոլմի սրտում` «Սերգել Թորգիեթ» հրապարակում: Բողոքի ցույցը նախաձեռնել էր Շվեդիայի թրքական կենտրոնական ֆեդերացիան, որը Շվեդիայում փոքրամասնությունների ամենամեծ կազմակերպությունն է: Բողոքի այս միջոցառմանը հրավիրված էին եւ մասնակցեցին ոչ միայն հայ, քուրդ եւ ասորի փոքրամասնությունների կենտրոնական կազմակերպություններն ու միությունները, այլ նաեւ շվեդական պետական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ մտավորականներ: Հրանտ Դինքի հերոսական գործունեությունը մեծարող եւ նրա տմարդի սպանությունը դատապարտող գրությամբ հանդես եկավ թրքական ֆեդերացիայի ներկայացուցիչը, խոսնակը իր ելույթը ավարտեց «մենք բոլորս Հրանտ Դինք ենք, մենք բոլորս հայ ենք » կարգախոսով: Ներկաները մեկ ռոպե լռությամբ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին, ապա մոմեր վառեցին Հրանտ դինքի դիմանկարի առաջ: Միջոցառմանը մասնակցում էին նաեւ թուրք եւ քուրդ կազմակերպությունների ներկայացուցիչներ ովքեր ժամ առաջ թրքական դեսպանատան առջեւ իրենց զայրույթը հայտնել էին սեւ ծաղկեպսակ դնելով թրքական դեսպանատան առջեւ:

Հունվարի 27-ին Ստոքհոլմում տեղի կունենա մեծ համահավաք ցույց կազմակերպված Շվեդիայի Հայկական միությունները համադրող կենտրոնի կողմից, որին մասնակցելու հայտ են ներկայացրել շվեդ, թուրք, քուրդ, ասորի եւ այլ փոքրամասնությունների ներկայացուցիչներ, մտավորականներ եւ քաղաքական գործիչներ: