Հանդիպմանը, որը կայացել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ընդլայնված նիստի շրջանակներում, Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանականները որոշել են ուղիղ երկխոսություն սկսել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի շուրջ: Նրանք պայմանավորվել են առաջիկայում միասին այցելել այդ տարածաշրջան Վեհաժողովի անդամների ուղեկցությամբ, որի ժամանակ նրանք կհանդիպեն նաեւ տեղահանված անձանց հետ: Նրանք համաձայնության են եկել նաեւ իրենց երկրների հասարակություններին այդ հակամարտության հնարավոր լուծմանը նախապատրաստելու անհրաժեշտության շուրջ: Այդ հանդիպումը կայացել է երկու երկրների Եվրոպայի Խորհրդին անդամակցելու վեցերորդ տարելիցի օրը: Առաջին անգամ է, որ երկու երկրների պատվիրակությունները դեմ առ դեմ հադիպել են կազմակերպության շրջանակներում այդ հակամարտությանը վերաբերող հարցերը քննարկելու համար:
Պատվիրակությունների ղեկավարներ Տիգրան Թորոսյանը (Հայաստան) եւ Սամեդ Սեիդովը (Ադրբեջան) հայտարարել են, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչված է առաջատարի դեր կատարել այդ հակամարտության լուծումը գտնելու գործում: Սակայն Եվրոպայի Խորհուրդը պետք է կարեւոր օժանդակ դեր կատարի հանգամանքների բարելավման եւ թյուրիմացությունների շտկման գործում: Կողմերը պայմանավորվել են հետագա հանդիպումների անցկացման մասին, փորձելու համար իրականացնել ԵԽԽՎ 1416 (2005) բանաձեւը, հաղորդում է ԵԽԽՎ մամլո ծառայությունը:





