AM
21 Մարտ 2016 - 06:50 AMT

Հանգստյան օրերի կարևորագույն իրադարձությունները

PAN-ը հակիրճ ներկայացնում է անցած հանգստյան օրերի կարևորագույն իրադարձությունները` նրանց համար, ովքեր չեն հետևել լրահոսին:

Եղանակային կտրուկ փոփոխության պատճառով հանրապետությունում տեղ-տեղ ցրտահարություն ու բերքի վնաս է գրանցվել: Ամենաշատը տուժածների թվում է Արմավիրի մարզի Էջմիածնի և Արմավիրի տարածաշրջանը:

Հայաստանի նոր ավիափոխադրող` «Արմենիա» ավիաընկերությունն օդային հաղորդակցությունների իրականացման հավաստագիր է ստացել։ Ավիաընկերությունը կսկսի կանոնավոր չվերթերի իրականացումը ապրիլի 21-ից դեպի Իսրայել և Մոսկվա։ Այնուհետև ընկերությունը կսկսի կանոնավոր չվերթեր իրականացնել դեպի Թեհրան, Դուբայ, Պրահա, Կիև, Մինսկ, Բարսելոնա, Լոնդոն և Լառնակա։

Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունում զոհվել է հինգ մարդ, ևս 36-ը վիրավորվել է: Վիրավորվածներից մեկը հայ է՝ Օքսան Խաչանյանը:

Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Սերգեյ Կարյակինի ու Անիշ Գիրիի հետ և Կարյակինի հետ կիսում է Հավակնորդների մրցաշարի առաջին հորիզոնականը:

Դեբրեցենում մեկնարկած գեղասահքի աշխարհի պատանեկան առաջնության աղջիկների մենասահքում Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ Անաստասիա Գալուստյանը, կարճ ծրագրից հետո դուրս է եկել եզրափակիչ:

Հանգստյան օրերը հաջող էին նաև հայ ծանրորդների համար. հավաքականի անդամներ Հռիփսիմե Խուրշուդյանը և Ռուբեն Ալեքսանյանը հաղթել են Ռուսաստանի նախագահի Գավաթի խաղարկությունում: