2016-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետում կվերաբացվի բակալավրիատի հնագիտության և ազգագրության բաժինը, որտեղ ուսանողները կստանան այս և շատ այլ հարցերի պատասխանները:
PanARMENIAN.Net-ը զրուցել է ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Ավետիսյանի հետ նոր բաժնի բացման կարևորության, դրդապատճառների և իրենց սպասելիքների մասին:

«Աշխատաշուկայում հնագետի և ազգագրագետի որակավորմամբ մասնագետների պահանջն ահռելի է: Խոսքը ոչ միայն Երևանի մասին է, այլև մարզերի, որտեղ այս ոլորտում մասնագետներ կարելի է ասել ընդհնարաապես չկան: ԵՊՀ-ում բացվում է հնագիտություն և ազգագրություն մասնագիտությամբ բակալավրիատ: Մինչև հիմա կար միայն մագիստրոսական ծրագիրը: Առաջիկա տարիների համար գերխնդիրն է մարզերը համապատասխան մասնագետներով հագեցնելը»,- նշում է Ավետիսյանը: Կարևոր է, որ, նախ` ոլորտը լինի մասնագետի հսկողության ներքո, երկրորդ` երբ զբոսաշրջիկն այցելի մարզեր, տեղում լինի մարդ, որը կկարողանա մասնագիտորեն և հիմնավորված ներկայացնել պատմական ու հնագիտական հուշարձանները, ազգագրական ավանդույթները:

«Իմ հաշվարկներով, առաջիկա 20 տարվա համար հայաստանյան աշխատաշուկայում հնագետների և ազգագրագետների պահանջը կպահպանվի: Եվ աշխատանք կա, և ուսումնասիրման դաշտ: Բազմաթիվ հուշարձաններ կան, այդ թվում` հայոց մայրաքաղաքների` Դվինի, Արտաշատի, Երվանդաշատի հետ կապված, որոնք մրցունակ են աշխարհի նույն ժամանակաշրջանի արևելքի քաղաքակրթությանը բնորոշ հուշարձանների հետ: Խնդիրը մարդկային ռեսուրսի սակավությունն է, ինչն էլ փորձում ենք կարգավորել»:
Բացի այդ, ըստ Հայկ Ավետիսյանի, նաև կան բազմաթիվ խնդիրներ` կապված քաղաքաշինության, ուրբանիզացիայի, գրի, սովորույթների հետ, որոնց պետք է պատասխանել, տարածել, հանրահռչակել:
Այս բաժնի առանձնահատուկություններից մեկն էլ այն է, որ կրթական ծրագիրը շաղկապված է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական աշխատանքների հետ. «Գործնականում այնտեղի գիտնականները նաև մեր ամբիոնի դասախոսներն են, մասնակից են նաև արշավախմբերի աշխատանքներին, և ոչ միայն մեր Հանրապետությունում, այլև` միջազգային: Մենք և մեր ապագա ուսանողները շահեկան վիճակում ենք, քանի որ հնագիտության և ազգագրության դաշտը ձևավորված է և գիտական, և կրթական բաղադրիչների առումով»:

Հայկ Ավետիսյանը նշում է, որ առաջին կուրսից հնագիտության և ազգագրության բաժին ունենալը շատ կարևոր է, քանի որ մասնագիտական առարկաների հենքային դասավանդումը 2 տարվա շրջանակում բավական քիչ է` ապահովելու իսկապես որակյալ մասնագետներ:
«Մենք ունենք մագիստրոսական ծրագիր: Մարդիկ կան, որ այլ ֆակուլտետներից և այլ բուհերից գալիս են` ցանկանալով դառնալ հնագետ, բայց նրանց հենքային կրթությունը շատ մակերեսային է, և այն դասընթացները, որ մենք ցանկանում ենք ավելի խորությամբ անցնել, բազային կրթություն չունեցող մարդկանց համար հասու չեն: Նրանք 2 տարում, փաստորեն, հաղթահարում էին այն, ինչ պետք է անցնեին 4+2 տարում»:
Նոր բաժնում ուսումնական ծրագիրն ունի 2 բաղադրիչ: Առաջինը զուտ կրթական է, դասավանդվելու է մոտ 45 առարկա: 2-րդ բաղադրիչը դաշտային աշխատանքներն են և պեղումները:

«Առանց պրակտիկայի սովորելն ուղղակի անիմաստ կդառնա: Մենք ունենք պարտադիր կրեդիտներ, որոնք պետք է լրացվեն դաշտային աշխատատնքների արդյունքում, որտեղ հնագետը, ազգագրագետը պետք է նյութ հավաքի: Նախատեսում ենք կուրսը բաժանել ըստ նախասիրությունների, ժամանակագրային հետաքրքրությունների»:
Բացի այդ, մասնակցելով դաշտային աշխատանքներին, ուսանողնեը կվարձատրվեն, և կարող են մասամբ կամ ամբողջությամբ հոգալ իրենց ուսման վարձի խնդիրը: 2016-17 ուս. տարվա համար բաժնում նախատեսված է 40 տեղ, տարեկան վարձը կկազմի 400.000 դրամ: Ընդունելության քննություններն էլ նույնն են, ինչ ԵՊՀ պատմության ֆակուլտետի մյուս բաժիններում` հայոց պատմություն, հայոց լեզու և հայ գրականություն, օտար լեզու:





