AM
7 Փետրվար 2007 - 10:08 AMT

ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելությունը կժամանի Հայաստան ընտրություններից մեկուկես ամիս առաջ

ԵԱՀԿ-ի երկարաժամկետ դիտորդական առաքելությունը Հայաստան կժամանի մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններից 1-1,5 ամիս առաջ, իսկ ավելի վաղ մեկ այլ պատվիրակություն կգա` հետեւելու նախապատրաստական աշխատանքներին: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերի փոխանցմամբ: Թեեւ Հայաստանի իշխանություններից նման առաքելություն իրականացնելու հրավեր դեռեւս չի ստացվել, Լենմարկերը վստահեցրեց, որ հրավերը կլինի, եւ «այդ առումով որեւէ խնդիր չի առաջանա»: «Հայաստանի ժողովուրդն, անկասկած, ուզում է, որ ընտրություններն արդար ու թափանցիկ լինեն: Ես հուսով եմ, որ ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող ընտրություններ ապահովելու նպատակով նախապատրաստական աշխատանքները կկատարվեն»,- նշել է Լենմարկերը:

ԵԱՀԿ ԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությունը վաղը երեկոյան Թբիլիսիից կմեկնի Բաքու, որտեղ նախատեսված է հանդիպում նաեւ նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Ինչ վերաբերում է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպմանը, որը ծրագրված էր, սակայն չկայացավ, Գորան Լենմարկերը դա բացատրեց նրանով, որ «պետության ղեկավարը Երեւանում չէ», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: