Ընտրողների ցուցակների չհրապարակումը Վենետիկի հանձնաժողովի կողմից համարվում է ընտրության գաղտնիության տարրերից մեկը: Այս մասին ապրիլի 1-ին ասել է Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Նախարարը նշել է, որ ընտրողների ցուցակների հրապարակումը խնդրահարույց է ոչ թե այն տեսանկյունից, որ մարդկանց պետք չէ հնարավորություն ընձեռել ծանոթանալու ցուցակներին, այլ խոսքը վերաբերում է պաշտոնական հրապարակմանը, երբ որ պաշտոնական տեսքով դրանք կարող են հրապարակվել և համարվել իրավական պաշտոնական փաստաթուղթ, գրում է Panorama.am-ը:
Վենետիկի հանձնաժողովի «Հանուն ժողովրդավար ընտրությունների» խորհուրդը 2016-ի մարտի 10-ի լիագումար նիստին, քննարկելով ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակի հրապարկման հարցը, վերահաստատել է իր դիրքորոշումը, ըստ որի՝ ընտրողների ցուցակները չպետք է հրապարակվեն:
Միաժամանակ, ըստ նախարարի, Վենետիկի հանձնաժողովն ընդգծել է, որ որոշակի հանգամանքների դեպքում, ընտրություններին մասնակցած կուսակցությունները պետք է հնարավորություն և հասանելիություն ունենան՝ ծանոթանալու ընտրողների ցուցակին:
Մարտի 3-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ ընտրական օրենսգրքին» և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:





