AM
2 Ապրիլ 2016 - 08:19 AMT

Նախագահը՝ միջուկային անվտանգության գագաթնաժողովում. Բաքվի գործողություններն իրական վտանգ են տարածաշրջանի համար

ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի հրավերով աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 1-ին մասնակցել է Միջուկային անվտանգության գագաթնաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով:

«Ես ուշադրություն չէի դարձնի Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների կողմից այս դահլիճում հնչեցրած մերկապարանոց մեղադրանքներին, որովհետև դրանք առաջին հերթին անվստահության դրսևորում են ԱԷՄԳ-ի հանդեպ, եթե այդ գործելաոճը նրանց բնորոշ չլիներ բոլոր ոլորտներում` միջազգային հանրության և կառույցների գործունեության նկատմամբ թերահավատություն, նրանց որոշումների և մոտեցումների ստահոդ մեկնաբանում և ապակառուցողական գործողություններ», – ասել է նախագահը՝ նշելով, որ սա է իրական վտանգը տարածաշրջանի համար և ոչ թե հայկական ատոմակայանի շահագործումը:

Ապրիլի 1-ին միջուկային անվտանգության չորրորդ գագաթնաժողովի շրջանակում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է ՄԱԳԱՏԵ-ի գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոյի հետ: Հանդիպմանը քննարկվել է նաև Մեծամորի ատոմային էլեկտրակայանի գործունեությունը: Մամեդյարովն ասել է, թե իբր հայկական ԱԷԿ-ը տեխնիկապես մաշված է և սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի անվտանգության համար:

«2010-ից ի վեր, երբ տեղի է ունեցել Միջուկային անվտանգության առաջին գագաթնաժողովը, հայացք նետելով այս տարիների ընթացքում կատարված աշխատանքներին, կարող ենք վստահորեն ասել, որ մեզ հաջողվել է արձանագրել զգալի առաջընթաց: 2010-ից ի վեր անցկացվող գագաթնաժողովների քաղաքական ազդակն ակնհայտորեն նպաստել է ազգային ընթացակարգերի բարելավմանն ու ամրապնդմանը, ընդլայնել միջազգային առանցքային փաստաթղթերին միացած պետությունների շրջանակը:

Այս դրական միտումը լավագույնս դրսևորվեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռք բերմամբ, ինչը միջազգային հանրության համախմբված և կառուցողական ջանքերի արդյունք էր: Դա կարևոր նվաճում է ոչ միայն միջազգային, այլև տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման համար», – ասել է նախագահը:

Սարգսյանը ներկայացրել է Հաագայի գագաթնաժողովից հետո Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերը:

Միջուկային անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Միացյալ Նահանգների մայրաքաղաքում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 1-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:Հանդիպմանն անդրադարձ է եղել բարձր մակարդակի հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգին, միջազգային արդի խնդիրներին, մերձավորարևելյան ճգնաժամին, Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակին, առկա մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացի ներկայիս փուլին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

ՀՀ նախագահն ընդգծել է, որ Հայաստանն ակտիվ ներգրավված է նաև միջուկային ահաբեկչության դեմ պայքարի և Զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման նախաձեռնությունների աշխատանքներում՝ իրականացնելով ՄԱԿ-ի ԱԽ 1540 բանաձևից բխող անհրաժեշտ միջոցառումներ և ընդունելով համապատասխան ազգային ծրագիր:

Նրա խոսքով, Հայաստանի այս հետևողական մոտեցումը լինելու է շարունակական և անփոփոխ՝ ուղղված աջակցելու միջուկային անվտանգության գործուն ճարտարապետության ստեղծման գործընթացին:

«Մենք մեծապես կարևորում ենք միջուկային անվտանգության ոլորտում ստորագրված փաստաթղթերի և ձեռք բերված պայմանավորվածությունների համապարփակ և արդյունավետ կյանքի կոչումը` դիտարկելով դրանք որպես ազգային, տարածաշրջանային և միջազգային անվտանգության կարևոր բաղադրիչ: Այս ժամանակահատվածում մենք շարունակել ենք փոփոխել ու լրացնել մեր օրենսդրությունը՝ համապատասխանեցնելով այն միջազգային պահանջներին:

Շարունակում ենք փոխշահավետ և արդյունավետ գործակցել միջազգային կառույցների և գործընկեր երկրների հետ միջուկային տեղակայանքների, միջուկային և ռադիոակտիվ նյութերի անվտանգության և ֆիզիկական պաշտպանության հարցերի շուրջ», – նշել է նախագահը:

Սարգսյանն առանձնացրել է ԱԷՄԳ-ի դերը միջուկային անվտանգության և ֆիզիկական պաշտպանության ոլորտներում անդամ պետությունների հետ միասին նոր, լրացուցիչ չափորոշիչների ու կանոնակարգերի մշակման և այդ դրույթների իրականացմանը ցուցաբերած աջակցության հարցում: Նրա խոսքով, միջուկային անվտանգության ոլորտում իր ուրույն տեղն է զբաղեցնում միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության դեմ պայքարը: Այս ոլորտում Հայաստանը սերտ գործակցում է ԱՄՆ, ԵՄ և այլ գործընկեր երկրների ու կառույցների հետ:

Ապրիլի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական մեկ ուղղաթիռ:

Հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004-ին ծնված Վաղինակ Գրիգորյանը, ևս 2 երեխա վիրավորվել է: Ադրբեջանական զինուժը Մարտունու պաշտպանական ուղղությամբ ԲՄ-21 («Գրադ») կայանք է օգտագործել:

Կարդացեք նաև՝ Նախագահին զեկուցվել է շփման գծում իրավիճակի լարման մասին. Նա ԱՄՆ-ից վերադառնում է ՀՀ

ՊՆ. Լևոնարխ բնակավայրի մատույցներում հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբ է ոչնչացվել