AM
12 Ապրիլ 2016 - 07:09 AMT

Բոստոնում տեղադրված Հայոց ցեղասպանությունը ժխտող վահանակը հեռացվել է

Ստամբուլի «Թուրքական պլատֆորմի» կողմից ԱՄՆ-ի Բոստոն քաղաքի Նորթ Էնդ արվարձանում տեղադրված Հայոց ցեղասպանությունը ժխտող գովազդային վահանակը հանվել է: Այն տեղադրվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԱՄՆ կատարած այցից անմիջապես հետո:

Վահանակը տեղադրվել էր Բոստոնի Հայկական ժառանգության այգուց ընդամենը մի քանի թաղամաս հեռավորության վրա: «Ճշմարտություն = Խաղաղություն» վերտառությամբ վահանակը պատկերում էր Ռուսաստանի, Թուրքիայի և Հայաստանի դրոշների գույներով ներկված երեք ձեռք: Ընդ որում, Թուրքիան խորհրդանշող ձեռքը հաղթանակի ժեստ էր ցուցադրում, իսկ Ռուսաստանն ու Հայաստանը խորհրդանշող ձեռքերը խաչել էին մատներն՝ իբր ստելիս, Sabah-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Սոցմեդիայում թուրքական ցուցապաստառի դեմ սկիզբ առած բողոքի ակցիայի արդյունքում գովազդային ընկերությունը հեռացրել է ցուցանակը:

Ստամբուլի «Թուրքական պլատֆորմի» ներկայացուցիչները հայտնել են, որ մինչև ապրիլի 24-ը պատրաստվում են ևս 100 նմանատիպ ցուցանակ տեղադրել ԱՄՆ-ի տարբեր վայրերում:

2015-ին ևս «Թուրքական պլատֆորմը» վճարել էր նմանատիպ գովազդի տեղադրման համար, սակայն քննադատությունների ալիքը ստիպել էր հեռացնել այն:

Ուոթերթաունի Սբ Հակոբ հայ առաքելական եկեղեցու Ամերիկայի եկեղեցական երիտասարդական կազմակերպության նախագահ Ահարոն Դերդերյանը թեմայի վերաբերյալ հետևյալ մեկնաբանություն է արել. «Հայոց ցեղասպանությունը ժխտող այս վահանակը ոչ մի բանով չի տարբերվում և նույնչափ վիրավորական է, որքան Հոլոքոստը մերժելը»:

Հայոց ցեղասպանությունից փրկված մեծ թվով հայեր արտագաղթել էին ԱՄՆ, մասնավորապես՝ Բոստոն և Ուոթերթաուն: Ներկայումս մոտ 25.000 հայ բնակվում է Մասաչուսեթսում, որն իր բնակչության թվով ԱՄՆ -ի նահանգների շարքում երկրորդն է: