Ապրիլի 13-ին ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվիրակությունը՝ նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ, Հայաստանի շինարարների միության և շինարարական որոշ ընկերությունների ներկայացուցիչների հետ մեկնել են Արցախի հանրապետություն՝ 2016-ի ապրիլի 2-7-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողությունների հետևանքով Արցախի բնակավայրերին պատճառված վնասների վերացման համար համապատասխան օգնություն ցուցաբերելու նպատակով:
ՀՀ քաղաքաշինության նախարարությունը մշտապես կապի մեջ լինելով ԼՂՀ կառավարության ներկայացուցիչների հետ` նախապես հստակեցրել է ավերված բնակավայրերի վերականգնման համար անհրաժեշտ շինանյութերի ցանկը, որը ձևավորվել է սահմանամերձ բնակավայրերում կատարված վնասների գնահատման արդյունքում, հայտնում է քաղաքաշինության նախարարությունը:
Ըստ այդմ՝ բարձր բեռնատարողություն ունեցող շինանյութ տեղափոխող հատուկ մեքենաներով բեռնված՝ առաջնահերթության կարգով Արցախ է տեղափոխվում ավելի քան 4500 քմ տանիքի ծածկի թիթեղ՝ ավելի քան 14 միլիոն դրամ արժողությամբ:
Նշվում է, որ մարտերի հետևանքով ԼՂՀ ավերված բնակավայրերին Հայաստանի քաղաքաշինության նախարարության և շինարարների օգնությունը շարունակական է լինելու: Հանրապետության խոշոր և միջին բազմաթիվ շինարարական ընկերություններ հենց սկզբից են ԼՂՀ-ին աջակցելու պատրաստակամություն և ցանկություն հայտնել, որը պարբերաբար կիրականացվի՝ անհրաժեշտ շինանյութերի և շինտեխնիկայի տրամադրման միջոցով:
Ավելի վաղ ՀՀ քաղաքաշինության նախարարը և նախարարության աշխատակիցները 2 միլիոն 490.000 դրամ էին փոխանցել ԼՂՀ կառավարության կողմից տրամադրված հաշվեհամարին:
ԼՂՀ կառավարությունը կրակը դադարեցնելու մասին պայմանավորվածությունից հետո սկսել է ենթակառուցվածքների ու շինությունների վնասի գույքագրումը:





