«Նախկին դեսպանն իրավունք ունի իր տեսակետը հայտնել, որը սովորաբար կապ չունի պետության արտաքին քաղաքականության հետ»,-հայտարարել է PanARMENIAN.Net-ի թղթակցին Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի վարչության նախագահ Ստեփան Գրիգորյանը` մեկնաբանելով ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Շուքրյու Էլեկդագի հայտարարությունն այն մասին, թե «Հայաստանի անկախացումից ի վեր, արտաքին քաղաքականությունը եւ սփյուռքի կառավարումն իրականացվում է Երեւանից եւ այդ աշխատանքի դիրիժորն ու համակարգողը Վաշինգտոնում Հայաստանի դեսպանն է»: Ըստ Գրիգորյանի, նախկին դիվանագետը չափազանցված պատկերացում ունի Հայաստանի եւ հայկական սփյուռքի դերի մասին Հայոց ցեղասպանության խնդրի լուծման հարցում: «Միայն լոբբինգով անհնար է հասնել Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Այն պետությունները, որոնք կատարել են այդ քայլը, արել են դա, ելնելով սեփական շահերից, այլ ոչ թե հայկական սփյուռքի կամ ՀՀ կառավարության ճնշման ներքո»,-ընդգծել է Գրիգորյանը:
Միեւնույն ժամանակ նա համոզված է, որ ոչ ոք չի կարող զրկել հայկական սփյուռքը Ցեղասպանության ճանաչման համար պայքարելու իրավունքից: «Մեր սփյուռքը հենց Ցեղասպանության հետեւանք է, ինչը չի կարելի ասել այլոց` օրինակ, լեհական կամ ուկրաինական սփյուռքի մասին, որոնք կազմավորվել են քաղաքական փոփոխությունների արդյունքում»,-ասել է հայ փորձագետը: Նա նաեւ նշել է, որ եթե Թուրքիան իրոք ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, ապա պետք է վերանայի իր վերաբերմունքը Հայաստանի եւ Թուրքիայում բնակվող հայերի հանդեպ: Ինչ վերաբերում է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, ապա, ըստ Գրիգորյանի, պաշտոնական Երեւանը բազմիցս ասել եւ ասում է, որ պատրաստ է առանց նախապայմանի հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: «Պետք է ընդգծեմ, որ ՀՀ կառավարությունը չի զբաղվում լոբբինգով»,-ասել է նա:





