ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ապրիլի 26-ին պարգևատրել է Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին գործուն մասնակցություն ունեցած Հայաստանի Հանրապետության մի խումբ քաղաքացիների:
Ողջունելով ներկաներին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ Չեռնոբիլի ատոմակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին հազարավոր հայաստանցիներ են մասնակցել: «Աշխատանքներին մասնակցած մեր ավելի քան 3000 քաղաքացիներից, ցավոք, 400-ից ավելին հետագայում մահացան ճառագայթահարման հետևանքով, իսկ շուրջ 2000-ը մինչ օրս գտնվում են մասնագիտացված բժշկական կենտրոնի դիսպանսեր հսկողության տակ», – նշել է ՀՀ վարչապետը:
Հայաստանի Հանրապետությունում Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում՝ վթարի հետևանքների վերացման, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում քաղաքացիական ու ծառայողական պարտքի կատարման և հայրենիքին մատուցած ծառայությունների համար Լև Արտիշչևը, Վլադիմիր Սոկոլյանը, Երեմ Ավագյանը, Գևորգ Մելքոնյանը և Գևորգ Վարդանյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով, իսկ Գեորգի Վարդանյանը, Յուրա Ղուլյանը, Ռուբեն Ղարագադյանը, Սիրեկան Պետրոսյանը, Մուրադ Մուրադյանը, Արթուր Հարությունյանը, Սիմոն Իրիցյանը, Մարտին Օհանյանը, Տիգրան Կարապետյանը և Հովիկ Թաթոյանը խրախուսվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով:
1986-ի ապրիլի լույս 26-ի գիշերը Չերնոբիլի ԱԷԿ-ի չորրորդ էներգաբլոկում պայթյուն որոտաց, որի հետևանքով ռեակտորը փլուզվեց: Այդ վթարը դարձավ մեր ժամանակների խոշորագույն տեխնածին ու բնապահպանական աղետը:
Ըստ փորձագետների, Չերնոբիլի ԱԷԿ-ի վթարի հետևանքով ռադիոակտիվ նյութերի ընդհանուր արտանետումը կազմեց մոտ 50 մլն կյուրի, ինչը համազոր է 1945-ի Հիրոսիմայի վրա արձակված ատոմային ռումբերի 500-պատիկ հզորությանը: Ռադիոակտիվ աղտոտման ենթարկվեց 155 հազար քառակուսի կիլոմետր տարածք 6 միլիոն 945 հազար բնակչությամբ:
1986-1987 թթ․ աղետի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցեց մոտ 600 հազար մարդ, որից 200 հազարը ճառագայթման բարձր չափաբաժին ստացավ: Ըստ պաշտոնական տվյալների, ընդհանուր առմամբ Չերնոբիլի աղետից տուժել է 5 միլիոն մարդ:





