Ապրիլի 27-ին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ընթերցել է Կառավարությանն ուղղված իր գրավոր հարցադրումը՝ կապված ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի պանամայական բիզնեսների մասին Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) հրապարակումների հետ:
Զուրաբյանը հետաքրքրվել է, թե արդյո՞ք ուսումնասիրվել են Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի հրապարակումներում տեղ գտած փաստաթղթերը և հանգել եզրակացությունների:
Ի պատասխան Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասել է, որ այս պահի դրությամբ քննություն է ընթանում և նախապատրաստվում են նյութեր Միհրան Պողոսյանի հետ կապված:
«Կառավարությունն իր իրավասության շրջանակում համապատասխան միջոցառումներ ձեռնարկում է: Պարզապես կարևոր է հասցեականությունը` թե որ պետական մարմնից ինչ պետք է ակնկալել: Կառավարությունը մի քանի կարևոր քայլեր է իրականացրել և հետևողական կլինի՝ իր իրավասությունների շրջանակներում»,- պարմաբանել է նախարարը, գրում է Armtimes.com-ը:
Միհրան Պողոսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել ապրիլի 18-ին: Հրաժարականը հետևեց Պանամայյից օֆշորային ընկերությունների սեփականատերերի վերաբերյալ մասշտաբային արտահոսքին ու օֆշորային գոտում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ընկերություններ հայտնաբերելուն: Ինքը Պողոսյանը հայտարարել է, թե ցավում է, որ իր անունն արծարծվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին, անընդունելի եմ համարում, որ իր անձը պատճառ դառնա Հայաստանի ու Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի, ինչի համար էլ հրաժարական է ներկայացրել:





