AM
1 Մայիս 2016 - 11:22 AMT

Մայիսի լույս 1-ի գիշերը հակառակորդի կրակից ՊԲ զինծառայող է զոհվել

Ապրիլի 30-ի մայիսի լույս 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետերից ու տարբեր տիպի նռնականետերից խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը:

Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում արևելյան (Մարտունու) ուղղությամբ մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Աշոտ Շավարշի Զոհրաբյանը (ծնվ. 1991թ.):

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար դիմել են օպերատիվ իրադրության զարգացմանը համահունչ գործողությունների:

Ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Գարիկ Մնացականի Մովսիսյանը (ծնվ. 1997թ.) և Վազգեն Հենրիկի Հարությունյանը (ծնվ. 1968թ.):