AM
3 Մայիս 2016 - 08:50 AMT

Ինչ եղանակ է սպասվում մայիսին. Կանխատեսում են օդերևութաբանները

Մայիսին բնորոշ է մթնոլորտային պրոցեսների զգալի ակտիվացումը և օդային զանգվածների հաճախակի փոխատեղումը: Տաք և ցուրտ օդային զանգվածների հերթափոխը, ինչպես նաև երկրի մակերևույթի անհավասարաչափ տաքացումը, բարձր լեռնային շրջաններում ձյան հալոցքը բերում է հզոր կոնվեկտիվ հոսանքների առաջացման` հաճախ են դիտվում հորդառատ բնույթի տեղումներ, որոնք ուղեկցվում են ամպրոպներով:

Միջին ամսական ջերմաստիճանը հանրապետությունում կազմում է 9.6 աստիճան: Միջին օրական ջերմաստիճանը համեմատաբար ցածր է, առաջին տասնօրյակում` 8.2 աստիճան, այնուհետև աստիճանաբար բարձրանում է երրորդ տասնօրյակում հասնելով 10.9 աստիճանի: Միջին ամսական ջերմաստիճանը առավել բարձր է Արարատի և Արմավիրի մարզերում, Վայոց ձորի և Սյունիքի հովիտներում Արագածոտնի նախալեռներում ` +17…+18 աստիճան: Գեղարքունիքում, Արագածոտնի լեռնային շրջաններում և Շիրակում՝ +8…+10 աստիճան, բարձր լեռնային շրջաններում (3000 մետրից բարձր) այն դեռևս բացասական է` -0.5 աստիճան, այստեղ դեռ ձյան տեսքով տեղումների հավանականությունը պահպանվում է:

Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում արդեն մայիսի առաջին օրերին դիտվում է միջին ջերմաստիճանի կայուն անցումը 15 աստիճան բարձր, որը համարվում է ամռան սկիզբ: Լեռնային շրջաններում մայիսի կեսից դիտվում է միջին օրական ջերմաստիճանի կայուն անցումը 10 աստիճան բարձր:

Չնայած ջերմաստիճանային ֆոնը ամսվա ընթացքում բարձր է, լեռնային շրջաններում ամբողջ ամսվա ընթացքում պահպանվում է ցրտահարության վտանգը, ըստ որում երբեմն զգալի ինտենսիվությամբ, որը կարող է կորստաբեր ազդեցություն ունենալ գյուղատնտեսական կուլտուրաների վրա:

Բացարձակ նվազագույն ջերմաստիճանը լեռնային շրջաններում կարող է նվազել մինչև -8…-10 աստիճան: Արարատյան դաշտում, Տավուշի մարզում, Սյունիքի հովիտներում ամսվա առաջին տասնօրյակում մինչև -10 աստիճան, իսկ առավելագույն ջերմաստիճանը կարող է հասնել +35…+38 աստիճան (Արմավիր, Մեղրի):

Տեղումների առավելագույն քանակը դիտվում է մայիսին և միջինը կազմում է 92մմ, տեղումներով օրերի թիվը` միջինը 17-20 օր: Ամենից շատ տեղումներ դիտվում են Լոռիում 120-130մմ, ամենաքիչը՝ Արարատի, Արմավիրի մարզերում` 40-50մմ: Առանձին տարիների օրական տեղումների քանակը հասել է ամսական նորմային:

Տեղումները մայիսին հաճախ հորդառատ բնույթ են կրում:

Մայիսին ամպրոպային գործունեությունը ակտիվանում է: Ամպրոպներով օրերի թիվը հանրապետությունում միջինը կազմում է 10-13օր (առանձին տարիներին այն հասել է 20-22 օր): Մեծանում է կարկուտի հավանականությունը` միջինը ամիսը 1-3 օր, Տաշիրում 8 օր:

Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 18..19 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնoրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 5…9 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 31…33 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը 4…6 աստիճան, առավելագույնը՝ 29…30 աստիճան):

Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 35-50մմ):

Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 9..12 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնoրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 0…-5աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 22…25 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը -1…+2աստիճան, առավելագույնը՝ 19…24աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 75-100մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 12…12 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնoրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -1…+3 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 25…23 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը 0…-2աստիճան, առավելագույնը՝ 23…26աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 95-130մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 13..16 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնoրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +1…6 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 27…33 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը 2…5 աստիճան, առավելագույնը՝ 25…26 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 97-107մմ):

Վայոց Ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 18…19 աստիճան, լեռնային շրջաններում` 10…12 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը` հովտային շրջաններում մինչև 4…8 աստիճան, լեռնային շրջաններում՝ 0…-4 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում 30…33 աստիճան, լեռնային շրջաններում՝ 20…25 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը հովտային շրջաններում՝ 3…40C, լեռնային շրջաններում՝ -1…-2 աստիճան, առավելագույնը հովտային շրջաններում 28…30 աստիճան , լեռնային շրջաններում՝ 18…19 աստիճան):

Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման հովտային շրջաններում` 45-60մմ, լեռնային շրջաններում՝ 95մմ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 17…20 աստիճան, լեռնային շրջաններում` 11…12 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը` հովտային շրջաններում մինչև 4…7 աստիճան, լեռնային շրջաններում՝ 0…+3 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում 31…5 աստիճան, լեռնային շրջաններում՝ 22…27 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը հովտային շրջաններում՝ 4…7 աստիճան, լեռնային շրջաններում՝-1…+1 աստիճան, առավելագույնը հովտային շրջաններում 29…33 աստիճան, լեռնային շրջաններում՝ 24…26 աստիճան):

Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման հովտային շրջաններում` 49-96մմ, լեռնային շրջաններում՝ 69-112մմ):

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 18..19 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնoրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 5…7 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 32…34 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը 4…6 աստիճան, առավելագույնը՝ 29…30 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 45-60մմ):

Առավել սառը մայիսներ դիտվել են 1931, 1937, 1963, 1972, 1992, 2002 թթ, երբ ամսական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 1-2 աստիճանով: Առավել տաք մայիսներ եղել են 1941, 1958, 1989, 1996, 2012թթ, երբ ամսական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 2-3 աստիճանով:Առավել խոնավ մայիսներ դիտվել են 1966, 1975, 1983, 1986, 2002, 2010թթ, երբ տեղումների քանակը հանրապետության առանձին հատվածներում կրկնակի գերազանցել է ամսական նորման: Առավել չոր մայիսներ եղել են 1930, 1935, 1941, 1958, 1960, 1989թթ, երբ տեղումներ քանակը եղել է ամսական նորմայի կեսից էլ պակաս: