AM
16 Մայիս 2016 - 12:29 AMT

ԼՂՀ սոցապ նախարարի կոչը թալիշցիներին՝ վերադարձեք, բնակարանային հարցը կլուծվի

Ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով Մարտակերտի շրջանի առավելապես տուժած Թալիշ գյուղի բնակիչների մի մասը, ովքեր տեղափոխվել են ՀՀ տարբեր բնակավայրեր, գտնվում են ԼՂՀ ուշադրության կենտրոնում և ԼՂՀ կառավարության կողմից հոգ է տարվում նրանց վերադարձի մասին:

Այս մասին ասել է Արցախի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը:

Նախարարի խոսքով, ապրիլյան առաջին օրերից սկսած՝ նախարարությունն օպերատիվ կապի մեջ է ՀՀ մարզպետարանների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության և Երևանում ԼՂՀ ներկայացուցչության հետ, որոնք ամենօրյա տեղեկություններ են հաղորդում այդ ընտանիքների վիճակի մասին, հայտնում է Արցախպրեսը:

Նախարարի խոսքով, մայիսի 16-ին Լենստոն Ղուլյանի գլխավորությամբ կրկին աշխատանքային խումբ է գործուղվել ՀՀ, որտեղ նորից հանդիպումներ կանցկացվեն նշված ընտանիքների հետ և վերադառնալու ցանկություն ունեցող բոլոր ընտանիքներին կտրամադրվեն համապատասխան միջոցներ:

«Առաջիկա օրերին կսկսենք Արցախի տարբեր բնակավայրերում ապաստանած թալիշցիներին բնակարանային և վերը նշված այլ պայմաններով ապահովման գործընթացը: Որպես նախարար և այս գործում պատասխանատու պաշտոնյա՝ կոչ եմ անում ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով Արցախից դուրս ապաստանած թալիշցիներին հետ վերադառնալ: Մինչև վերջնականորեն կլուծվի Թալիշ գյուղում անվտանգ ապրելու երաշխիքների խնդիրը՝ ԱՀ կառավարությունը անվտանգ վայրերում նրանց կապահովի կենսական նշանակության բոլոր անհրաժեշտ պայմաններով»,- ասել է նախարարը:

ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը նշել է նաև, որ Մարտակերտի շրջանի բոլոր այն բնակավայրերից, որտեղից տեղի են ունեցել բնակչության զանգվածային կամ մասնակի տարհանումներ, այս օրերին ինտենսիվ կերպով մարդիկ սկսել են հետ վերադառնալ իրենց բնակավայրերը:

Մայիսի 10-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը այցելել է Շուշի քաղաք և հանդիպել ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով Մարտակերտի շրջանի տարբեր բնակավայրերից տարհանված և բերդաքաղաքում ապաստանած մի խումբ բնակիչների հետ:

«Բացի Թալիշ և Մատաղիս գյուղերից, մյուս համայնքների բնակիչներին կոչ եմ անում վերադառնալ իրենց օջախները, քանի որ նոր վտանգների հիմքեր չկան, և իրավիճակը մեր վերահսկողության տակ է: Ուզում եմ հավաստիացնել, որ ձեր խնդիրները գտնվում են կառավարության ամենօրյա հոգածության ներքո, և ձեր վերադարձից հետո նույնպես պատրաստ ենք համապատասխան աջակցություն ցուցաբերել:

Իսկ վերականգնողական աշխատանքներն ընթացքի մեջ են, և կորուստներ կրած քաղաքացիներին համապատասխան փոխհատուցում ենք տրամադրելու»,- ասել է Հարությունյանը և հավելել, որ անհրաժեշտ է վերադառնալ և արագ անցնել գյուղատնտեսական աշխատանքներին: