Ապրիլի 7-ին Թալիշի մարտական դիրքերում վիրավորված 19-ամյա Արման Լեզգիյանը ծնողների և ուղեկցող բժշկի հետ մայիսի 19-ին կմեկնի Գերմանիա, Համբուրգ՝ տեղի ակադեմիական կլինիկայում համալիր վերականգնողական բուժում ստանալու: Այդ մասին տեղեկացրել է Արմանի հայրը՝ Միքայել Լեզգիյանը, հայտնում է Panorama.am-ը:
«Առողջապահության նախարարությունը պարտավորվեց բոլոր ծախսերը իր վրա վերցնել, եթե Արմանը մնա ու այստեղ շարունակի բուժում ստանալ: Բայց քանի որ երեխան պետք է ստանար հատկապես վերականգնողական բուժում, մենք որոշեցինք, որ ավելի լավ է տեղափոխենք արտասահման», -ասել է Միքայել Լազգիյանը:
Նա տեղեկացրել է, որ Արմանին տեղափոխելու համար իրենց ընտանիքին անմիջական աջակցություն են ցուցաբերել վարչապետը, պաշտպանության և առողջապահության նախարարները, առանձին պատգամավորներ ու բարերարներ:
Ծանր վիրավորված զինծառայողն ունի ողնաշարի, որովայնի ու կերակրափողի հետ կապված խնդիրներ: Իր հարցազրույցներում Միքայել Լազգիյանը ավելի վաղ ներկայացրել էր, որ «գնդակը մտել է կոկորդից, ողնաշարով դուրս եկել՝ վնասելով կերակրափողը, շնչափողը, ձայնալարերը, ողնաշարը, ողնուղեղը»:
Ապրիլի 7-ին՝ վիրավորվելու օրը, նրան տեղափոխել են Մատաղիս, հետո Մարտակերտ, իսկ ապրիլի 8-ի առավոտյան ուղղաթիռով հասցրել Երևան:
Նա մի քանի վիրահատության է ենթարկվել:
Վիրավոր զինծառայողների վերականգնողական բուժման մանրամասներին ծանոթանալու, բուժման հետագա ռազմավարությունը քննարկելու, խորհրդատվություն տրամադրելու նպատակով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրավերով Հայաստան էին ժամանել Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի առաջատար նեղ մասնագատներ: Մասնագետները մայիսի 5-ին այցելել են ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ և «Էրեբունի» բժշկական կենտրոն:





