Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչները կրկին կառավարության շենքի դիմաց էին նույն պահանջով՝ տրամադրել իրենց խոստացված բնակարանները կամ գումարային փոխհատուցումը:
Բնակիչներից Օֆելյա Զաքարյանը նշել է, որ իրենց բնակարանները գերակա շահ են ճանաչվել ու քանդվել, իսկ կառուցապատումը հանձնվել «Գրենդել Հիլզ» ընկերությանը: Ընկերության հետ 2008-ին պայմանագիր է կնքվել` ըստ որի 2011-ին բնակիչները պետք է բնակարաններ ստանային, սակայն մինչ այսօր ոչ ոք բնակարան չի ստացել.
«Մարդիկ հավատացին, որ շուտով նույն տեղում երկու նոր բնակելի շենք պետք է կառուցվի, սակայն տարիների ընթացքում պարզ դարձավ, որ ոչինչ էլ չի կառուցվում և մոտ 130 ընտանիք այսօր մնացել է բնակարան ունենալու խնդրի առջև կանգնած»:
Բնակչները վարչապետի հետ հանդիպում են պահանջում, գրում է Panorama.am-ը:
«Մեզ Նորք-Մարաշի քարուքանդ տներից են առաջարկում, դա չենք ուզում, թող մեր գումարները վճարեն, մենք գնանք մեզ համար բնակարաններ գնենք: Ինը տարի է արդեն վարձով ենք մնում»,- ասել է բնակիչներից Անուշ Առաքելյանը:
Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող 5 հեկտարից ավելի տարածքում` Ֆիրդուսի շուկայի տարածքի կամ 33-րդ թաղամասի տեղում, նախատեսվում է կառուցել 85 մ տրամագծով կլոր հրապարակ, մի շարք նոր փողոցներ, հասարակական և սպասարկման օբյեկտներ, բիզնես կենտրոններ և հյուրանոցներ:





