AM
14 Հունիս 2016 - 07:01 AMT

ԿԸՀ նախագահ. Նոր Ընտրական օրենսգրքի մեխանիզմներն ընտրական գործընթացը վերահսկելի են դարձնում

Նոր Ընտրական օրենսգրքում ներառված են մեխանիզմներ, որոնք վերահսկելի են դարձնում ընտրական գործընթացը: Այս մասին հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Հարցին՝ արդյոք ԿԸՀ համար վերահաշվարկ անցկացնելը նոր ԸՕ-ով դժվարեցված չէ՞, երբ պետք է համեմատել ընտրական գործընթացին մասնակցած անձանց, գրանցամատյանների, էլեկտրոնային գրանցված, տրված սարքերի, մատնահետքերի թվերը, Մուկուչյանը պատասխանել է. «Տեղամասում հաշվեցին, արձանագրությունը կազմվեց, պարկը փակեցին, բերեցին ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Վերահաշվարկի ժամանակ բացվում է պարկը, կատարվում է քվեարկության արդյունքների հաշվարկ, ինչպես դա կատարվել է տեղամասային ընտրական հանձնաժողովում:

Նախագծում ամրագրված մոտեցումն այնպիսին է, որ բացի էլեկտրոնային նույնականացման գործընթացին գոյություն ունի ցուցակների ինստիտուտ, ինքնասոսնձվող դրոշմանիշների, կտրոնների ինստիտուտ, որոնք այն փաստական հիմքեր են, որոնց համադրելիության արդյունքում արվում են լիարժեք դատողություններ»:

Մուկուչյանը շեշտել է, որ դրոշմանիշերի քանակը պետք է համապատասխանի ստացված կտրոնների քանակին, որն ընտրողը ստանում է էլեկտրոնային գրանցում անցնելու ու իր մատնահետքը տալուց հետո: «Սա այն մեխանիզմն է, որը հնարավորություն է տալիս վերահսկելու գործընթացը»,- ասել է ԿԸՀ նախագահը, գրում է Tert.am-ը:

Ինչ վերաբերում է մատնահետքերի հետ կապված մտահոգություններին, ընդդիմադիրների հայտարարություններին, թե սարքը կարող է չկարդալ մատնահետքը կամ նույն անձը կարող է մեկ այլ ընտրատեղամասում էլ այլ մատի հետք թողնել, Մուկուչյանը նկատել է, որ հաշվի է առել միջազգային փորձը, որպեսզի նման խնդիրներից խուսափեն:

Հարցին՝ էլեկտրոնային գրանցման սարքերը լինելու են ԿԸՀ վերահսկողության տա՞կ, հնարավո՞ր է, որ միջամտություն լինի,Մուկուչյանը պատասխանել է. «Դրանք կարող են լինել և՛ ԿԸՀ-ում, և՛ լիազոր մարմնում, որը զբաղվում է ցուցակների պատրաստմամբ: Իսկ միջամտությունը ոչ թե պայմանավորված է հանգամանքով, թե ում մոտ են գտնվում այդ սարքավորումները, այլ նրանով՝ հասանելի են արդյոք ծրագրային լուծումները, որոնք կիրառվում են»:

Մայիսի 25-ին ՀՀ Ազգային ժողովը երրորդ ընթերցմամբ և ամբողջովին ընդունել է Ընտրական օրենսգրքի նախագիծը: Կողմ է քվեարկել 102 պատգամավոր, դեմ՝ 17, ձեռնպահ՝ 3: