AM
15 Հունիս 2016 - 10:43 AMT

ԱԱԾ-ն որոշ աշխատատեղերի համար զինծառայություն չի պահանջի. Նախագահը ստորագրել է օրենքը

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 15-ին ստորագրել է Ազգային ժողովի կողմից հունվարի 13-ի նիստին ընդունած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը: Այդ մասին տեղեկացնում է նախագահի լրատվական ծառայությունը:

Հաստատված փոփոխություններով ԱԱԾ մարմինների նեղ մասնագիտական կրթություն պահանջող առանձին պաշտոններ կհամալրվեն զինվորական ծառայությունից ազատված և հետագայում պահեստազորում գրանցված անձանցով: Գործող օրենքով, ԱԱԾ աշխատակիցների համար պարտադիր պայման էր զինվորական ծառայություն անցած լինելը:

Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին ՀՀ Օրենքն ընդունվել է 2003-ին: Սահմանում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում ծառայության հիմնական սկզբունքները, կարգը, պայմանները, ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնները և զինվորական կոչումները, ազգային անվտանգության մարմինների ծառայողների իրավունքները և պարտականությունները, նրանց պաշտոնական երաշխիքները, ծառայության և հանգստի ժամանակը, արձակուրդը, զինվորական կոչում շնորհելու, կոչումն իջեցնելու և վերականգնելու, ծառայությունից արձակելու, ինչպես նաև ծառայության հետ կապված այլ առանձնահատկություններ:

Ռազմական դրության ժամանակ ազգային անվտանգության մարմիններում ծառայության առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության oրենքներով և այլ իրավական ակտերով: