Հունիսի 15-ին Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի կենտրոնական հրապարակներից մեկը վերանվանվեց հայ ազգային ազատագրական պայքարի հերոս, հնչակյան հեղափոխական Փարամազի` Մատթեոս Սարգսյանի անունով, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Մոնտեվիդեոյի քաղաքապետի պաշտոնակատար Օսկար Կուրուշետը, Ուրուգվայի տուրիզմի նախարար Լիլիան Քեշիշյանը, սոցիալական զարգացման փոխնախարար Անա Օլիվերան, խորհրդարանի պատգամավոր Պեդրո Եստանյանը, Հայ Առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Հակոբ արքեպիսկոպոս Քելենջյանը, Հայաստանի պատվավոր հյուպատոս Ռուբեն Աբրահամյանը, Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչներ:
Միջոցառումը սկսվել է Ուրուգվայի և Հայաստանի օրհներգերի կատարմամբ, ապա ընթերցվեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Մոնտեվիդեոյի իշխանություններին և հայ համայնքին, որում, մասնավորապես, ասված էր. «Ուղիղ 101 տարի առաջ այս օրը Ստամբուլի Բայազիտ հրապարակում Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության ականավոր գործիչ Փարամազը և իր 19 ընկերները կախաղան հանվեցին թուրքական դատարանի կողմից, որովհետև պայքարում էին հայ ժողովրդի ապրելու իրավունքի համար: … Ուրուգվայի Հանրապետությունը եղել և շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության բարեկամ երկիր: Մենք երախտապարտ ենք Ուրուգվային Հայոց ցեղասպանության հարցում աներեր կեցվածքի, աշխարհում առաջինն այն ճանաչելու և աշխարհի ուշադրությունն այդ կարևոր խնդրի վրա բևեռելու համար»:
Հրապարակի բացման հանդիսավոր արարողությունը կատարել են Օսկար Կուրուշետն ու Ռուբեն Աբրահամյանը:
Ապրիլի 13-ին Ուրուգվայի Ազատության հրապարակում բողոքի ցույց տեղի ունեցավ ընդդեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի: Ցույցը տեղի է ունեցել ՀՅԴ և ՍԴՀԿ ավանդական կուսակցությունների նախաձեռնությամբ: Բազմաթիվ ուրուգվահայերի հետ մեկտեղ ցույցին մասնակցել է նաև Ուրուգվայի զբոսաշրջության հայազգի նախարար Լիլիան Քեշիշյանը: Ապրիլի 5-ին Ուրուգվայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել ԼՂ շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ` «կոչ անելով կողմերին հարգել հրադադարի համաձայնագիրը, վերջ դնել ռազմական գործողություններին, նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում և ուղիներ փնտրել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում երկխոսության միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ»:





