Թուրքիայի հայ համայնքի երիտասարդ ներկայացուցիչները միացել են ստամբուլյան դպրոցների սաների հակապետական բողոքին:
«Նոր աշակերտներ» անվամբ հանդես եկող հայ ուսանողների խումբը գրավոր հայտարարությամբ աջակցել է Ստամբուլի վարժարանի շրջանավարտներին: Վերջիններս հունիսի 4-ին, ի նշան բողոքի, թիկունք էին դարձրել վարժարանի սաների ավարտական հանդիսության ժամանակ ելույթ ունեցած տնօրենին, թուրքական İMCTV-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:
Թուրքիայի ազգային կրթության նախարարությունը Ստամբուլի 11 վարժարանում սկսել է կիրառել տնօրեններին ոչ թե մրցույթով, այլ նշանակմամբ ընտրելու մեթոդը: Մի շարք դպրոցների աշակերտներ բուռն կերպով ընդդիմացել են դրսից նշանակված այս տնօրեններին և զանազան բողոքի ակցիաներով ու հայտարարություններով հանդես եկել նախարարության սույն որոշման դեմ: Ստամբուլյան 52 դպրոց ևս հանդես են եկել աշակերտներին աջակցող հայտարարություններով:
«Ընդդեմ հետամնացության, լճացման և ֆաշիզմի» խորագրով հրապարակված հայտարարությունում մասնավորապես ասված է. «Ցանկանում ենք տեղեկացնել, որ մինչև վերջ աջակցելու ենք մեր այն դասընկերներին, ովքեր պայքարում են հետամնաց ու կրոնամոլ հասարակության դեմ, որը ձևավորելու փորձ է անում պետությունը՝ իր նշանակած իշխանամետ տնօրենների միջոցով»:
Հայ աշակերտները նշել են, որ գրքով ու լուսավորությամբ կարելի է հաղթել խավարը և իրենք թույլ չեն տա, որպեսզի խավարը տարածվի:
«Մենք միշտ ընդդիմանալու ենք և երբեք չենք դադարելու պայքարել այս անհասկանալի մտածողության դեմ, որը համառորեն փորձում է օտարել մեզ այն հողերից, որտեղ ծնվել ու մեծացել ենք՝ հաշվի չառնելով, որ մենք արդեն հազարավոր տարիներ ապրում ենք այս հողերում»:





