AM
26 Մարտ 2007 - 11:27 AMT

ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել, որ ՀՀ-ում կայանալիք ընտրությունները համապատասխանեն միջազգային չափանիշներին

Առաջիկա խորհրդարանական ընտրությունները չափազանց կարեւոր են Հայաստանի համար եւ ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել, որպեսզի դրանք անցնեն միջազգային չափանիշներին համապատասխան: ԵԱՀԿ-ն կարեւորում է ՀՀ բնակչության իրազեկության բարձրացումը հանրապետությունում կայանալիք ընտրությունների վերաբերյալ: Այդ մասին Երեւանում կայացած ընտրությունների վերաբերյալ ձեռնարկների շնորհանդեսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ Իտալիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ երկու ձեռնարկ է հրատարակվել` «Ուղեցույց ընտրատեղամասերի հանձնաժողովների համար» եւ «Ընտրական օրենսդրության եւ ընտրական վարչարարության մասին»: Առաջին ձեռնարկը նախատեսված է Հայաստանի ԿԸՀ-ի համար թրենինգների կազմակերպման եւ անցկացման համար, երկրորդը մանրամասնորեն վերլուծում է ՀՀ Ընտրական օրենսգիրքը:

«Երկու ձեռնարկն էլ կարեւոր են Հայաստանի ընտրական համակարգի զարգացման, առաջիկա ընտրությունների մասին բնակչության իրազեկության բարձրացման համար»,-ընդգծել է ՀՀ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը:

Ձեռնարկները տպագրվել են 20 հազարական օրինակ տպաքանակով: