AM
16 Հուլիս 2016 - 08:18 AMT

ՀՀ ՄԻՊ. Եթե հայերը Թուրքիայում խնդիր ունենան, կդիմենք Օմբուդսմենների միջազգային ինստիտուտին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Թուրքիայի տարածքում գտնվող հայ քաղաքացիների հետ ծագած հնարավոր խնդիրների դեպքում անմիջական օգնություն ցուցաբերել չի կարող, որովհետև Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան: Այս մասին հայտնել է ՄԻՊ խոսնակ Զոհրապ Եգանյանը:

Միաժամանակ, նա նշել է, որ եթե Թուրքիայում գտնվող հայ քաղաքացիները խնդիրներ կունենան կապված հայրենիք վերադառնալու կամ այլ հարցերի հետ, կարող են դիմել Պաշտպանին, ով կփորձի միջամտել՝ քաղաքացիներին օգնելու համար:

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կարող է դիմել Օմբուդսմենների միջազգային ինստիտուտին, թեև այն լծակ չունի ստիպելու Թուրքիայի ՄԻՊ-ին՝ որևէ քայլ կատարել, այնուամենայնիվ բարի կամքի դրսևորումը չի բացառվում:

ՄԻՊ-ը կարող է դիմել նաև մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային տարբեր կառույցներին, որոնք հնարավորության դեպքում կմիջամտեն՝ թուրքական պետության հետ ծագած հարցերը լուծելու համար»,- ասել է Եգանյանը:

Հուլիսի լույս 16-ի գիշերը հայտնի դարձավ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասին: Պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ երկիրը այսպես կոչված «Խաղաղ խորհրդի» կառավարման տակ է գտնվում: Նախագահ էրդողանը կոչ է արել իր կողմնակիցներին դուրս գալ փողոց:

Հեղաշրջման փորձի ընթացքում սպավել է հեղաշրջման 16 կազմակերպիչ: Որոշ աղբյուրներ հայտնում են բանակում ձերբակալությունների ու պաշտոնանկությունների մասին` մասնավորապես, պաշտոնանկ է արվել 5 գեներալ և 29 գնդապետ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իշխանությունները վերահսկում են երկրում տիրող իրավիճակը:

Զոհերի թիվն ավելի քան 100 է վերջին տվյալներով, փոխանցում է Anadolu-ն: Եվս 1154 մարդ վիրավոր է: Ավելի քան 1500 մարդ ձեռբակալվել է:

Նախնական տեղեկություններով Թուրքիա‬յում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ նախարարությունը:

Ավելի վաղ արտգործնախարարությունը տեղեկացրել էր, որ Թուրքիայի տարածքում աջակցության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն ՀՀ ԱԳՆ։

«Այլ երկիր մեր շահերը Թուրքիայում չի ներկայացնում», – Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Արտգործնախարարությունը նաև տեղեկացրել է, որ Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններից տուժած ՀՀ քաղաքացիների համար ՀՀ ԱԳՆ-ում ստեղծվել է թեժ գիծ՝ +374 60 620552: Հնարավոր է կապ հաստատել հետևյալ էլ.փոստի հասցեով՝ [email protected], ինչպես նաև ԱԳՆ սոցիալական ցանցերի միջոցով։