ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը զգուշացնում է` հուլիսի 19-22-ը Սյունիքի հովիտներում և Արարատյան դաշտում սպասվում է բարձր ջերմային ֆոն և հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է լինելու: Խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ֆիզիկական ակտիվությունից:
Օդերևութաբաների կանխատեսումների համաձայն, հուլիսի 19-22-ը հյուսիսային առանձին շրջաններում, 23-ին՝ շրջանների մեծ մասում` երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում: Օդի ջերմաստիճանն ամսի 19-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում նույն օրը կգրանցվի +39 աստիճան: Ամսի 23-ին ջերմաստիճանը նույնքան կնվազի:
Հուլիսի 19-22-ը մայրաքաղաքում տեղումներ չեն սպասվում, 23-ի երեկոյան հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:
Շոգ եղանակին օդի բարձր ջերմաստիճանի, ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը մեղմելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը կանխելու, ինչպես նաև վարակիչ հիվանդություններից, սննդային թունավորումներից խուսափելու համար առողջապահության նախարարությունը կոչ է անում.
• խուսափել արևի ուղիղ ճառագայթներից` հատկապես 12:00-17:00 ընկած ժամանակահատվածում, քայլել ստվերում,
• ամենօրյա աշխատանքները կատարել օրվա համեմատաբար զով ժամերին,
• ցանկալի է, որ երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է արյան շրջանառությունը և ջերմատվությունը,
• հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել բաց գույնի օդաթափանց հագուստ,
• օգտագործել մեծ քանակությամբ հեղուկ, օրական մոտ 3լ (սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո),
• չչարաշահել կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքներ` թե տաք, թե սառը վիճակում,
• առաջարկվում է չգտնվել չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում, երկար ժամանակ չմնալ արևի տակ կայանված փոխադրամիջոցներում, երեխաներին չթողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում,
• հետևել, որ օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդկանց վրա,
• հագնվել ջերմաստիճանին համապատասխան այն տարածքներում, որտեղ առկա են օդորակիչներ,
• չգնել անհայտ ծագման, ոչ սահմանված վայրերում և առանց պատշաճ ջերմաստիճանային և հիգիենիկ պայմանների վաճառվող սննդամթերք, հատկապես ոչ ոգելից ըմպելիքներ (կվաս, լցնովի հյութեր), պատրաստի սննդատեսակները (քյաբաբ, խորոված, մսով, սնկով փքաբլիթներ, ղարսի խորոված), կրեմային հրուշակեղեն և փափուկ պաղպաղակ և այլն,
• սննդամթերքը (մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ) օգտագործելուց առաջ լավ լվանալ` հոսող խմելու ջրով,
• հետևել ձեռքերի հիգիենային՝ հաճախակիլվանալ, օճառի օգտագործմամբ,
• սննդամթերքը պահել փակ տարաներում՝ ճանճերի կողմից աղտոտումը կանխարգելելու նպատակով,
• չաղտոտել շրջակայքը,
• շրջակայքում ջրամատակարարման և կոյուղու համակարգերում վթարներ ու անսարքություններ նկատելիս անհապաղ ահազանգել համապատասխան մարմիններին,
• չթույլատրել երեխաներին լողալ դեկորատիվ ջրավազաններում և խաղալ ոռոգման ցանցի ջրով,
• խմելու ջրի համային և գունային հատկությունների փոփոխությունների, տեսանելի նստվածքների առկայության դեպքում այն չօգտագործել կամ օգտագործել միայն եռացնելուց հետո, ինչպես նաև դիմել համապատասխան մարմիններին,
• աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանիշների առկայության դեպքում անհապաղ դիմել բժշկի:





