AM
1 Սեպտեմբեր 2016 - 10:24 AMT

Հրամանատարաշտաբային ֆակուլտետի նորակառույց շենքը բաց է. Սպայական կրթություն կապահովվի

Սեպտեմբերի 1-ին Գիտելիքի և դպրության օրվա առիթովտեղի է ունեցելՀայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի նորակառույց շենքի և ռազմական համալսարանի զոհված շրջանավարտների հիշատակին նվիրված խաչքար-կոթողի բացման հանդիսավոր արարողությունը:

Ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Միջոցառմանը մասնակցել են ռազմական համալսարանի զոհված շրջանավարտների հարազատներ, ՀՀ ՊՆ զինված ուժերի, ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար կազմը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, ՀՀ կրթության և գիտության նախարարը, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և ռազմական կցորդներ, հանրապետության այլ բուհերի ռեկտորներ, հրամանատարաշտաբային ֆակուլտետի ունկնդիրներ, կուրսանտներ:

Զոհված շրջանավարտների հիշատակին նվիրված խաչքար-կոթողի բացման և օծման արարողությունից հետո Հանրապետության նախագահը և արարողության մասնակիցները ծաղիկներ են դրել խաչքարին, հարգանքի տուրք մատուցել:

«Հայաստանի համար այսօր ուշագրավ օր է` հավաքվել ենք ավագ սպայակազմի հրամանատարաշտաբային ֆակուլտետի նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողության կապակցությամբ: Նման ուսումնական հաստատության ստեղծման համար հավասարաչափ պարտական ենք ինչպես մեր ռազմական գերատեսչության մասնագետներին, այնպես էլ մեր բարեկամ և գործընկեր պետությունների ակադեմիական փորձին:

Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ ինստիտուցիոնալ հիմքի վրա է դրվել ամբողջական սպայական կրթություն ապահովելու գործընթացը` նախազորակոչային պատրաստությունից մինչև ավագ և բարձրագույն սպայական կազմերի կրթության փուլերը: Կարծում եմ՝ սա լուրջ ձեռքբերում է», – ասել է նախագահը:

Նրա խոսքով, բարձրագույն ռազմական կրթության այս հաստատությունը գումարտակ-բրիգադ օղակում մեր հրամանատարներին և շտաբային սպաներին կտրամադրի համազորային, համատեղ, համապետական և բազմազգ օպերատիվ միջավայրում կողմնորոշվելու, որոշում ընդունելու և գործելու իմացություն՝ զուգահեռաբար ապահովելով նրանց որակավորումը՝ որպես ռազմական կառավարման մագիստրոսներ: