AM
6 Սեպտեմբեր 2016 - 06:49 AMT

Արցախում մեկնարկում է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը. Բակո Սահակյանը ողջունել է դրա անցկացումը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու գերագույն հոգևոր խորհրդի անդամներին՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի գլխավորությամբ:

Նախագահ Սահակյանը ողջունել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի անցկացումն Արցախում և ընդգծել Հայ Առաքելական եկեղեցու կարևորագույն դերակատարությունն ազգային պետականության ստեղծման, կայացման և զորացման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդման, հայ ազգային ինքնության և արժեքների պահպանման գործում, հայտնում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Գերագույն հոգեւոր խորհուրդը Ամենայն Հայոց Կաթողիկոսի խորհրդատու մարմինն է, որը քննարկում է Հայ Եկեղեցու վարչական, կազմակերպչական, մշակութային, տնտեսական եւ շինարարական հարցերը:Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովները տեղի են ունենում նվազագույնը տարին չորս անգամ, իսկ ըստ անհրաժեշտության` ավելի հաճախ: