Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրը միանալով ՀՀ առողջապահության նախարարի կոչին՝ նվազեցրել է սրտի ստենտավորման գները:
Կլինիկայում նոր գները գործում են սեպտեմբերի 6-ից, տեղեկացրել է հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը, գրում է Panorama.am-ը:
Սրտի վիրահատությունների մատչելիության ապահովման կոչինարդեն իսկ միացել են Գյումրիի բժշկական կենտրոնն ու «Աստղիկ» բժշկական կենտրոնը:
Երևանում և մարզերում սրտի վիրահատությունների գները մատչելի դարձնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը դեռևս հուլիսին բուժօգնություն իրականացնող կազմակերպություններին և մատակարարներին կոչ արեց ուսումնասիրել և վերանայել սրտային վիրաբուժության գնային քաղաքականությունը:
Սահակյանի խոսքերով՝ ԵՊԲՀ-ն վերանայել է գները և որոշում կայացրել՝ նվազեցնել ստենտավորման գները:
Մասնավորապես, եթե նախկինում մեկ դեղապատ մեկ ստենտի տեղադրումն արժեր 1 մլն 650.000 դրամ, իսկ կորոնարոգրաֆիան` 190.000 դրամ, ապա սեպտեմբերի 6-ից ստենտավորումն արժե 1 մլն 100.000 դրամ, կորոնարոգրաֆիան` 140.000 դրամ:
Սահակյանը հայտնել է, որ գների նվազեցումը կապված չէ որակի փոփոխության հետ. «Գները նվազում են՝ միաժամանակ պահպանելով ծառայության բարձր որակը»,- ընդգծել է նա:
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում ամսական կատարվում է 40-50 ստենտավորում:





