AM
14 Սեպտեմբեր 2016 - 09:11 AMT

Լոռու 10 համայնք կապող ճանապարհը հիմնանորոգվել է. Մոտ 3.5 մլրդ դրամի ներդրում է արվել

Ավարտվել են Լոռու մարզի Ագարակ – Յաղդան – Կողես – Մղարթ – Արևածագ – Կարմիր Աղեկ – Ծաթեր – Այգեհատ – Արդվի – Օձուն ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները` Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» վարկային ծրագրով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ:

Անդրադառնալով հիմնանորոգված ճանապարհին` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանը նշել է, որ այն ռազմավարական կարևոր նշանակություն ունի, հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը։

Հիմնանորոգված ճանապարհահատվածը Մարգարա – Վանաձոր – Տաշիր – Վրաստանի սահման (Մ-3) միջպետական նշանակության ավտոճանապարհը կապում է Ստեփանավանի, Թումանյանի տարածաշրջանների համայնքների, միջպետական նշանակության Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) ավտոճանապարհի, ինչպես նաև Ստեփանավան և Ալավերդի քաղաքների հետ։

«Ճանապարհի երկարությունը կազմում է շուրջ 39,6 կմ: Այս ծրագրով հիմնանորոգվել է տասը համայնք միմյանց կապող ճանապարհը: Ներդրվել է 3 միլիարդ 476 միլիոն դրամ: Ճանապարհահատվածի հիմնանորոգումը բաժանված է եղել հինգ հատվածների։ Շինարարությունն իրականացրել են «Ճանապարհ», «Արգիշտի-1» և «Խաչհար» ընկերությունները, իսկ տեխնիկական հսկողությունը՝ գերմանական «Կոքս Քոնսալթ» ընկերությունը: Այսօր ունենք շատ գեղեցիկ ճանապարհ և, կարծում եմ, որ այն 15 տարուց ավելի կծառայի մեր բնակչությանը», – հայտնել է Սարգսյանը:

Գերմանական «Կոքս Քոնսալթ» ընկերության տեխնիկական հսկողության խմբի ղեկավար Կնուտ Մյուլլերն ասել է. «Երթևեկությունն աշխուժացել է, նույնիսկ մի քանի խանութներ նկատեցի, որոնք նոր են բացվել: Այնպես որ՝ ճանապարհի կառուցումը նպաստել է համայնքների կյանքի որակի բարելավմանը»:

Արևածագ համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանն ասել է. «Նախկինում ճանապարհ չենք ունեցել, դաշտերով ենք երթևեկել։ Այս ճանապարհը շատ վատ վիճակում էր: Սա մեր գյուղի համար մեծ նշանակություն ունի, գյուղի փողոցները դարձել են երթևեկելի: Մեր արտադրանքը արդեն կարողանում ենք արտահանենք»:

«Առաջ եթե մեկը հիվանդանում էր, մինչև Ալավերդի էինք հասցնում մի ժամ տևում էր, հետն էլ մեքենաները շարքից դուրս էին գալիս, հիմա 15 րոպեում գնում-գալիս ենք: Ճանապարհը ժամանակին գրեթե անանցանելի էր: Կարելի էր այստեղ մրցումներ անցկացնել վատ ճանապարհների մասով»,- ասել է Արևածագի բնակիչ, վարորդ Կարեն Մելիքսեթյանը:

Սեպտեմբերի 14-ից մեկնարկել են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Ճանապարհի վերականգնման շինարարական աշխատանքների ընթացքում տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր կիրականացվի արդեն իսկ հիմնանորոգված Վանաձոր – Ստեփանավան – Ագարակ – Կողես – Այգեհատ – Օձուն – Ալավերդի – Վրաստանի սահման և Վանաձոր – Դսեղ – Մարց – Թումանյան ճանապարհահատվածներով: