AM
16 Սեպտեմբեր 2016 - 09:00 AMT

Մասնագետ. ՀԷԿ-երի պատճառով Գեղարոտի ջուրն անպիտան է ոռոգման համար, խմելու ջուրը՝ վտանգված

Քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ, ջրի որակի մասնագետ Լիանա Մարգարյանը Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությանն է տրամադրել 2007-2014թթ համար Գեղարոտ գետի ջրաքիմիական վերլուծության արդյունքների ամփոփագիրը, որտեղ կան գիտական փաստեր:

Աշխատանքում մասնավորապես նշված է.

Գեղարոտ գետը համարվում է Արագածի շրջանի մի շարք գյուղերի միակ ոռոգման ջրի աղբյուրը, իսկ գետի ակունքի ջրերով խմելու նպատակով ջրամատակարարվում են մի շարք գյուղեր՝ Արագածը, Արան և Վարդենուտը։

2011-2012թթ.-ին Գեղարոտ գետի վրա «Գեղարոտ» և «Արագած-1» փոքր ՀԷԿ-երի կառուցումից և շահագործումից հետո, գետի էկոլոգիական վիճակը գնալով վատթարացավ, ներկայում դիտվելով խիստ ռիսկային և ճգնաժամային։

Ըստ Հայէկոմոնիտորինգի կողմից իրականացված երկարամյա հետազոտության տվյալների (2007-2014թթ. ժամանակահատվածում), ակունքում դիտվող թթվային ջրերի խառնումը պահպանվում է գետի հետագա հունում՝ պայմանավորված գետի էկոլոգիական ռեժիմի խախտմամբ։ Գեղարոտ գետի՝ Արագած գյուղից 0,5 կմ վերև՝ ՓՀԷԿ-երի տարածք չհասած հատվածից (դիտակետ 48) վերցված նմուշներում մինչև ՓՀԷԿ-երի շահագործումը ջրի որակի սեզոնային տատանումները փոքր էին և շուտ վերականգնվում էին, սակայն 2012թ-ից հետո դրանք դարձել են վառ արտահայտված։ pH-ի սեզոնային կտրուկ անկումները (ջրին գարնանը և ամռանը բնութագրական չեզոք միջավայրից (pH=7-8) անցումը թթվային միջավայրի (pH=3-4) աշնանն) առաջ են բերել ջրում մի քանի 10 և 100 անգամ Fe-ի, Mn-ի, Co-ի, Ni-ի, Cu-ի, Zn-ի և As-ի կոնցենրացիաների մեծացման (տես աղյուսակը): Ըստ ոռոգման ջրի FAO նորմերի, Գեղարոտ գետի նման որակի ջուրն արգելվում է ոռոգման նպատակներով օգտագործման համար։

Այսպիսով, ՓՀԷԿ-երի շահագործման պատճառով, Գեղարոտ գետի միջին հոսանքները չորանում են՝ խախտելով գետի ինքնամաքրման պրոցեսները։ Այս առումով, լուրջ վտանգ է սպառնում նաև տարածաշրջանի գյուղերի խմելու ջրի աղբյուրներին։ Ինքնամաքրման բացակայության պատճառով, կապտաժային համակարգերը ի զորու չեն նվազեցնել աղբյուրների ջրի pH-ն ու մետաղների բարձր պարունակությունը։ Արդյունքում, գյուղերի բնակչությունը վաղ ապագայում (նախնական կանխատեսումների մի քանի տարի անց) ստիպված կլինի խմելու նպատակով օգտագործել ծանր մետաղներով թունավորված ջուր, քանզի այս տարածաշրջանում խմելու ջրի այլ աղբյուրները բացակայում են»։

2014-ին ՀԲՃ-ն իր հերթին նույնպես անրադարձել էր այս խնդրին՝ ներկայացնելով նաև դրա լուծման իր տարբերակները, իսկ 2015-2016 թթ բնապահպանության նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել վերոնշյալ 2 ՓՀԷԿ-երի նկատմամբ։ Սակայն ջրի որակի խնդիրն առ այսօր մնացել է չլուծված։