AM
8 Մայիս 2007 - 14:02 AMT

Ստրասբուրգում կարող է կայանալ ՀՀ ԱԳՆ ղեկավարի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպումը

Հնարավոր է, որ մայիսի 11-ին Ստրասբուրգում կայանա արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով, հանդիպման ընթացքում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա փուլը:

Նշենք, որ մայիսի 10-ին Մադրիդում ծրագրված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան), Բերնար Ֆասիեի (Ֆրանսիա) եւ Մեթյու Բրայզայի (ԱՄՆ) հանդիպումը: Խորհրդատվությունների ընթացքում միջնորդները կքննարկեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման հնարավորությունը հունիսի 10-ին Սանկտ-Պետերբուրգում: