Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեք հայկական հեռուստաալիքների տված հարցազրույցում կոչ է արել ընտրողներին կշռադատված եւ խելամիտ ընտրություն կատարել մայիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում: Նրա խոսքերով, խորհրդարանի սահմանդարական բարեփոխումներից հետո խորհրդարանը մեծ լիազորություններ է ստանալու, այդ պատճառով նոր խորհրդարանի ձեւավորմանը պետք է լուրջ մոտենալ, այլ ոչ թե նախագահի վրա հույս դնել:
Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ կուսակցության առաջնորդի անձնի գործոնը մեծ դեր է խաղում ընտրողի գիտակցության մեջ: ՀՀ նախագահի կարծիքով, պետական գործիչը պետք է մի քանի չափանիշների համապատասխանի. լինի զգոն, աշխատասեր, իր գործին նվիրված եւ որոշակի չափով պահպանողական: Ընդ որում, Ռ. Քոչարյանը հավելել է, որ «պետական գործիչը ոչ մի դեպքում չի կարող չար մարդ լինել, քանի որ չարությունը իր էությամբ ոչնչացնող է, եւ նման մարդը չի կարող ստեղծել»: Պետական գործիչի համար կարեւոր գործոն է նաեւ հայրենասիրությունն ու սերն արմատների նկատմամբ: «Ցավ է տեսնել, որ նրանցից ոմանց ընտանիքները 10-15 տարի չեն լինում Հայաստանում»,- ասել է Քոչարյանը:
ՀՀ ղեկավարը նաեւ կարծիք է հայտնել, որ նախընտրական արշավի ժամանակ հանրապետության քաղաքական ուժերին բոլոր հնարավորությունները տրված էին ժողովրդին իրենց խոսքը հասցնելու: Նրա խոսքերով, ներկայիս նախընտրական արշավն էապես տարբերվում էր մյուսներից, առաջին հերթին, բացարձակ ազատությամբ, որը տրվել էր ընտրական գործընթացի մասնակիցներին:
Խոսելով անմիջականորեն քվեարկության գործընթացի մասին` Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ քվեարկության ժամանակ կեղծումներ թույլ չտալու համար մեծ պատասխանատվություն են կրում ընտրությունների բոլոր մասնակիցները, առաջին հերթին այն քաղաքական ուժերը, որոնք ձեւավորում են ընտրական հանձնաժողովները:





