Բեռլինի պետական գրադարանի տնօրեն Բարբարա Շնայդեր-Կամպֆն և նույն գրադարանի բաժնի վարիչ Մելինե Փեհլիվանյանը Հայաստանում են: Մինչև սեպտեմբերի 29-ը շարունակվող այցի ընթացքում նրանք կլինեն Հայաստանի ազգային գրադարանում, որտեղ կանցկացնեն վարպետության դասեր:
ՀՀ մշակույթի նախարարությունից հայտնում են,որ վարպետության դասերի շրջանակում հյուրերը հանդես կգան Բեռլինի պետական գրադարանում կազմարարական աշխատանքների, ինչպես նաև գերմանական գրադարանային համակարգի և Բեռլինի պետական գրադարանի աշխատանքի կազմակերպման մոդելի վերաբերյալ դասախոսություններով: Կքննարկվեն նաև երկկողմ գործակցության ծրագրեր:
Բարբարա Շնայդերն ու Մելինե Փեհլիվանյանն այցի շրջանակում սեպտեմբերի 26-ին կայցելեն նաև Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան:
Սա գրադարանի տնօրենի երկրորդ այցն է Հայաստան: Նախորդ այցի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել Բեռլինի ազգային գրադարանում կազմակերպել հայ հնատիպ գրքի և գրատպությանը նվիրված ցուցահանդես, ինչպես նաև հրատարակել ցուցադրությանը նվիրված պատկերագիրք, որը հեղինակել են Արմինե Դրոստ-Աբգարյանն ու Մելինե Փեհլիվանյանը:





