AM
26 Սեպտեմբեր 2016 - 08:48 AMT

«Ամառային ճամբար» ծրագիրն իրականացվել է 7-րդ անգամ՝ սոցիալապես անապահով երեխաների համար

«Թեքեյան կենտրոն» հիմնադրամը կրկին հնարավորություն է ընձեռել թեքեյանցի աշակերտներին իրենց ամառային հանգիստն անցկացնել Հանքավանի «Արագած» մանկական ճամբարում:

Ծրագիրը, որն արդեն յոթերորդ տարին է իրականացվում, բազմաբնույթ միջոցառումների շնորհիվ նպաստում է մեր երկրի տարբեր անկյուններում բնակվող երեխաների մերձեցմանը, նրանց մտավոր, ֆիզիկական, անհատական զարգացմանը:

2016-ին ևս ծրագրի շահառուներն էին մասնավորապես գերազանց առաջադիմություն ունեցող և սոցիալապես անապահով աշակերտներ Հայաստանի եւ Արցախի Վ. Թեքեյանի անվան հինգ դպրոցներից:

Ճամբարը հյուրընկալել է և համախմբել Երևանից, Գյումրիից, Ստեփանավանից, Կարբիից և Բերձորից ժամանած թվով 75 թեքեյանցու, որոնք «Արագածում» ապրեցին ճամբարային կյանքի հետաքրքիր ռեժիմով` առավոտյան շեփորի կանչ, լիցքային վարժություններ, տողաններ ու շքերթներ: Թեքեյանցի մանկավարժների և ճամբարի ջոկատավարների համատեղ աշխատանքի շնորհիվ երեխաների առօրյան հագեցած էր ինտելեկտուալ, մարզական, մշակութային միջոցառումներով:

Երեխաները մասնակցել են գիտակների մրցույթին, դաստիարակչական տարբեր թեմաներով զրույց-բանավեճերին, սպորտային խաղերին, գիշերային և ցերեկային արշավներին, սովորեցին ժողովրդական երգեր ու պարեր: Մրցութային միջոցառումների լավագույն մասնակիցները պարգևատրվել են գավաթներով ու շնորհակալագրերով: