«Սանիթեք» ընկերությունը վերջին մեկ ամսվա ընթացքում Ֆեյսբուք սոցիալական ցանցում իր պաշտոնական էջին և թեժ գծի հեռախոսահամարին դիմումներ է ստանում գիշերային ժամերին իրականացվող աղբահանության վերաբերյալ: Բնակիչները դժգոհում են աղբատար մեքենաների և աղբահանություն իրականացնող աշխատակիցների աղմուկից:
Այս հարցով, ընկերությունը նշում է, որ գիշերային ժամերին աղբահանություն իրականացնելը ընդունված միջազգային պրակտիկա է, որը կիրառվում է ցերեկային ժամերին քաղաքային երթևեկությունը, բակերում կայանած մեքենաների տեղաշարժը չխափանելու նկատառումով: Նման գրաֆիկով աշխատանքը կոչված է նաև բնակելի շենքերից աղբը ժամանակին տեղափոխելուն, որպեսզի բնակիչներն առավոտյան մաքուր տեսնեն քաղաքը:
Նշվում է նաև, որ «Սանիթեք» ընկերության բոլոր մեքենա-սարքավորումները աշխատանքի մեջ քիչ աղմկոտ են ու ավելի կոմպակտ։ Այնուհանդերձ, գիշերային ժամերին ընկերության աշխատանքն առավել աննկատ կազմակերպելու համար ընկերության մասնագետները փորձում են նաև լրացուցիչ միջամտությամբ նվազագույնի հասցնել մեքենաների աղմուկը: Իսկ բնակիչների այն դիմումները, որտեղ նշվել է ընկերության աշխատակիցների աղմուկի մասին, հատուկ ուշադրության են արժանացել. տվյալ հատվածում գիշերային ժամերին հերթափոխ իրականացնող բոլոր աշխատակիցների հետ համապատասխան բացատրական աշխատանքներ են տարվել:
«Սանիթեք» ընկերությունը հույս է հայտնում, որ ձեռնարկվող բոլոր քայլերը կնպաստեն աղբահանության աղմուկի նվազեցմանը՝ միաժամանակ վստահեցնելով, որ 24 ժամյա աշխատանքային գրաֆիկն անհրաժեշտ է Երևանը մաքուր պահելու համար:
Երևանի բնակիչներին աղբահանության հետ կապված որևէ խնդիր նկատելու դեպքում կարելի է զանգահարել ընկերության թեժ գծի 80-90 հեռախոսահամարին կամ նամակ ուղարկել ընկերության պաշտոնական էջին Ֆեյսբուք սոցիալական ցանցում:





