Ավարտվել է Սարի թաղում «Ազատություն» ռ/կ-ի լրագրողի աշխատանքը խոչընդոտելու մեջ մեղադրվող անձի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ քաղաքացի Տիգրան Ահարոնյանը խոչընդոտել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Հովհաննես Մովսիսյանի մասնագիտական օրինական գործունեությանը:
Կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որհուլիսի 29-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ժամանակ Տիգրան Ահարոնյանը նկատել է լրագրողական անվանաքարտ (բեյջ) կրող և իրադարձությունները տեսանկարահանող լրագրող Մովսիսյանին, կարծել է, թե լրագրողը տեսանկարահանում է իրեն, և լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու դիտավորությամբ, վիճաբանել է նրա հետ, ապա ձեռքերով հարվածներ հասցնելով ծեծի է ենթարկել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Այնուհետև Ահարոնյանը լրագրողից խլել է անվանաքարտը (բեյջ) ու դեպքի վայրից դիմել է փախուստի: Այս կերպ՝ Տիգրան Ահարոնյանը խոչընդոտել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը: Հիշյալ հանցավոր արարքը կատարելու համար Ահարոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործից անջատված մասի՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտած անձի վերաբերյալ գործի նախաքննությունը:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Նույն քրեական գործով առերևույթ հանցագործություններ կատարելու, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար մեղադրանք է առաջադրվել արդեն 8 անձանց, որոնցից 4-ի՝ Սեյրան Կարապետյանի, Վլադիմիր Մխիթարյանի, Դավիթ Սարգսյանի ու Կարեն Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործից անջատված մասի նախաքննությունը ավարտվել է և ուղարկվել դատարան:





