Հաշվի առնելով ժամանակակից ՏՏ հնարավորությունները՝ ծառայությունները պետք է դարձնել ավելի հասանելի: Այս մասին հոկտեմբերի 13-ին կառավարության հերթական նիստում ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ համապատասխան հանձնարարականներ տալով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին:
«Հանձնարարում եմ ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարին երեխայի ծննդյան միանվագ նպաստը ստանալու համար առցանց եղանակով դիմելու հնարավորություն ստեղծել»,- ասել է վարչապետը, մեջբերում է Tert.am-ը:
Նա նաև հանձնարարել է համապատասխան աշխատանքներ տանել և հնարավորություն ստեղծել, որպեսզի կենսաթոշակի և նպաստ նշանակելու դիմումը ներկայացվի ցանկացած տարածքային բաժին՝ անկախ շահառուի հաշվառման վայրից:
Երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք ունի նոր ծնված երեխայի հետ ՀՀ-ում բնակության նույն վայրում բնակվող (հաշվառված) ծնողը, որդեգրողը կամ խնամակալը: Գործող կարգի համաձայն՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար ծնողը (որդեգրողը, խնամակալը) պետք էանձամբիր բնակության (հաշվառման) վայրի սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժին ներկայացնի մի շարք փաստաթղթեր:





