Հոկտեմբերի 14-ի երեկոյան Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած ուղևորներին Բեսլանից հատուկ չվերթով Երևան տեղափոխող ինքնաթիռը:
Օդանավակայանում հատուկ չվերթով ինքնաթիռի ուղևորներին դիմավորել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, հայտնում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:
Լրագրողների հետ տեղի ունեցած ճեպազրույցում նախարարն ընդգծել է, որ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն ուղևորափոխադրումների անվտանգությունը բարձրացնելու ուղղությամբ։
Վթարից տուժած այն ուղևորները, ովքեր տրանսպորտի կարիք ունեին, նախարարության տրամադրած մեքենաներով տեղափոխվեցին իրենց բնակավայրեր։
Բժշկական օգնության անհրաժեշտություն ունեցող ուղևորները շտապ օգնության մեքենաներով տեղափոխվեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմաններում Վլադիկավկազ քաղաքի մոտակայքում՝ Վլադիկավկազ-Բեսլան շրջադարձային ճանապարհի 8-րդ կմ-ին, Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին, ինչի արդյունքում ավտոբուսում գտնվող 52 ուղևորից 5-ը զոհվել է:
Աշխատանքները տեղում կազմակերպելու համար հոկտեմբերի 14-ին ՌԴ են մեկնել ՀՀ առողջապահության նախարարության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Վարդան Վարդազարյանը և արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Գաբրիել Թեփելիկյանը, ինչպես նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արամ Արսենյանը:
Ընթերցեք նաև. Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարում զոհվածների անունները հայտնի են





