Հայաստանի Հանրապետությունում գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը համահունչ է եվրոպական տարածաշրջանում, այդ թվում Ռուսաստանի Դաշնությունում և Վրաստանում տիրող համաճարակային պատկերին: Նկատվում է սուր շնչառական վարակների բնականոն, օրինաչափ ընթացք:
Հոկտեմբերի 3-9-ն արձանագրվել է սուր շնչառական վարակների 1873 դեպք, 2015-ին՝ 1846, 2014-ին 2105:
Կատարված լաբորատոր հետազոտությունների համաձայն` այսօր հանրապետությունում շրջանառում են միայն շնչառական վարակների հարուցիչներ՝ ռինովիրուսներ, պարագրիպ և ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ: Գրիպի հարուցիչներ չեն հայտնաբերվել:
Գրիպից և դրա բարդություններից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է.
– խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
– եթե հիվանդ եք, մնացե'ք տանը,
– եթե հիվանդ եք, հրավիրե'ք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի զբաղվեք ինքնաբուժմամբ,
– մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար,
– հագնվե´ք եղանակին համապատասխան,
– պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
– օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
– հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
– հետևե´ք անձնական հիգիենային:





