Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը կտրականապես համաձայն չէ ամերիկյան մամուլում հնչեցրած կարծիքի հետ այն մասին, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը բավական բարդ հարաբերություններ ունեն: «Մեր հարաբերությունները շատ հարթ են եւ նորմալ, առանց հատուկ հակասությունների: Մենք միշտ համատեղ աշխատանք ենք վարել, եւ ԼՂՀ իշխանությունները, հատկապես նախագահը, միշտ տեղեկացված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ցանկացած զարգացման մասին»,- նշել է ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը:
Հիշեցնենք, որ Christian Science Monitor թերթն օրերս մի հոդված է հրապարակել, որում պնդում է, որ «Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը, մեղմ ասած, բարդ հարաբերություններ ունեն: Գործնականում, Հայաստանը տատանվում է անկախ Ղարաբաղի եւ Հայաստանի մաս հանդիսացող Ղարաբաղի միջեւ»:





