Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի բնակիչ, ֆերմեր Վահրամ Հովհաննիսյանն արդեն 15 տարի ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի օրինակելի վարկառուներից է:
Վահրամ Հովհաննիսյանն ազատամարտիկ է և 2 անգամ վիրավորվել է: Հովհաննիսյանը թանկարժեք բուժման կարիք ուներ. այդ նպատակով նա ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկից որոշակի գումար է վերցրել, որպեսզի մեկնի Գերմանիա:
Բայց գումարը չի բավականացրել. վարկային միջոցներն անիմաստ չվատնելու համար վերջինս որոշել է դրանք ներդնել գործի մեջ և ֆերմա ստեղծել՝ հաջողություններ գրանցելով գյուղատնտեսության բնագավառում: Այսօր Հովհաննիսյանի ֆերմայում կա 20 կով (որոնցից 12-13-ը կաթնատու), 13 հորթ և 9 մայր խոզ, իսկ ունեցած հողատարածքներից 60 հեկտարի վրա ցորեն է աճեցնում, որը հավաքում է սեփական կոմբայնով:
«Հողը պետք է մշակել, հողը սիրում է, երբ իր հետ հաշվի են նստում: Միայն անբան մարդը կարող է դժգոհել կյանքից, երբ հեկտարներով հող ունի»,- ասում է ֆերմերը, որին դեռ 5 տարի առաջ բժիշկներն ընդամենը 2-3 ամսվա կյանք էին տալիս:
Ընթացքի մեջ է նոր՝ ավելի ընդարձակ խոզանոցի և գոմի շինարարությունը: Վահրամ Հովհաննիսյանը նաև մտադիր է Խնձորեսկում կիրառել գոմաղբից գազ ստանալու նորագույն տեխնոլոգիաները:





