ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել «2016-2017 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը հաստատելու մասին»:
Համաձայն աշխատակարգի` հանրակրթական ուսումնական հաստատության 4-րդ և 9-րդ դասարաններում անցկացվում են համապատասխանաբար` գիտելիքների ստուգում և պետական ավարտական քննություններ` հունիսի 1-24-ը:
Հաստատությունների 12-րդ դասարաններում անցկացվում են պետական ավարտական քննություններ` հունվարի 14-28-ը և /կամ հունիսի 1-24-ը: Հունվարին կազմակերպվող պետական ավարտական քննություններին կարող է մասնակցել այն սովորողը, որը հունիս ամսին մասնակցելու է միասնական քննություններին:
Միասնական քննությանը մասնակցող սովորողը հունվարին անցկացվող պետական ավարտական քննություններ կարող է հանձնել միայն այն առարկաներից, որոնք չի հանձնելու միասնական քննությունների համակարգով: Հունվարին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու համար սովորողները մինչև դեկտեմբերի 1-ը գրավոր դիմում են հաստատության տնօրենին:
Ընթացիկ ուսումնական տարվա առաջին կիսամյակում, մինչև դեկտեմբերի 1-ը ուսումնական հաստատության 12-րդ դասարանի սովորողները պետք է գրավոր դիմում ներկայացնեն հաստատության տնօրենին՝ հայտնելով 2-րդ կիսամյակում ուսումնասիրության համար իրենց կողմից ընտրված առարկաների ցանկը:Միասնական քննություններ հանձնող սովորողները ցանկում ներառում են միասնական քննական առարկաները:
Ավելի վաղ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն ասել էր, որ շատ կարևոր է, որպեսզի 12-րդ դասարանում բեռնաթափում լինի, որպեսզի կարողանանք ապագայում (բնականաբար, պատրաստվելուց հետո) որոշ կրեդիտային միավորներ իջեցնել ավագ դպրոց, որը կկարևորի նաև ավագ դպրոցի դերը: Ավագ դպրոցն այնքան էլ արդյունավետ չի գործում, քանի որ, Մկրտչյանի կարծիքով, ամբողջությամբ պահում է դպրոցական ծրագրերի ծանրաբեռնվածությունը:
Ընթերցեք նաև. 12-րդ դասարանցիները մինչև դեկտեմբերի 1-ը պետք է տնօրենին ներկայացնեն ընտրված առարկաների ցանկը





