Հայազգի մեծ բարերար Քըրք Քըրքորյանի՝ Հայաստանին ժառանգած 2 մլրդ ԱՄՆ դոլարը Հայաստան բերելու հնարավորություն կա: Այդ մասին նոյեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ նշելով, որ Քըրքորյանի ժառանգությունն այժմ տնօրինում է մի քանի անձ, որոնց հետ հնարավոր է բանակցել, ստեղծել հանձնաժողով ազնիվ, վստահելի մարդկանցով, որ փող տվողները զգան, որ այն օգտագործվելու է երկրի զարգացման համար:
Panorama.am-ը գրում է, որ Օսկանյանը վստահ է՝ այդ գումարը Հայաստան բերելու «պատմական հնարավորությունը» կա և դա հրաշք կլինի:
«Քըրքորյանի հետ ես շատ մոտ հարաբերություններ եմ ունեցել, գիտեմ՝ այդ մարդը ինչ է մտածում: Նա մեծ հայրենասեր էր, նա ուզում էր իսկապես տեսնել բարգավաճ ժողովրդավարական, զարգացած Հայաստան, դա իր իղձն էր: Առաջին անգամ, որ նա եկավ Հայաստան, ես ամեն քայլին իր հետ էի: Տասն անգամ առնվազն Քրքորյանը լացել է էս հողի վրա: Ինքը կապված էր Հայաստանին, ինքն արտահայտվող մարդ չէր, չէր սիրում գովաբանություններ, բայց զգում էի, որ այդ մարդու իղձը, նպատակը նորմալ երկիր տեսնելն էր:
Նա 300 մլն դոլար ներդրում է ունեցել Հայաստանում, որը, հիշեք, ինչպես է նպաստել այդ տարիների մեր տնտեսական զարգացմանը: Չորս տարի շարունակ երկնիշ աճ ենք ունեցել: Հիմա պատկերացրեք, եթե հնարավոր եղավ այդ ժառանգությունից 1 մլրդ դոլար ունենալ, հաջորդ հինգ տարիներում Հայաստանում հրաշք կարելի է գործել:
Այդ գումարը մի քանի հոգի տնօրինում են և դեռ որոշում չունեն՝ ինչ անել: Ես ասում եմ՝ չուշացնենք, պետք է արագ շարժվել: Չի կարելի այս հարցին մատի արանքներով նայել: Սա պատմական հնարավորություն է: Այդ գումարի առկայությունը ինքնին բավարար է, որ մի քանի այլ միլիարդներ բեվի մեր երկիր. փողը փող է բերում: Ես տեսնում եմ այդ հնարավորությունը և դրա համար էլ պետք է առաջ շարժվել», -հայտարարել է Օսկանյանը:
Նախկին արտգործնախարարի խոսքով, գումարները կարող են տրամադրվել քաղաքական բարեփոխումների, «ազատ, արդար, նորմալ» խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պարագայում: Սակայն, բանախոսի կարծիքով, այդ ամենը Հայաստանում արհամարվում է և այստեղ «աթոռի պահպանման խնդիր է դրված»:
Վարդան Օսկանյանը հոկտեմբերի 20-ին ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կարդացել է Քըրք Քրքորյանի կտակը. «Հասկացա հետևյալը՝ ժառանգություն է թողնվել 2 միլիարդ դոլարի կարգի գումար, որը բացառապես պետք է տրամադրվի մեկ կամ ավելի բարեգործական կազմաերպությունների, որոնք ունեն ԱՄՆ-ի հարկային ծառայության այսպես կոչված 501(C)3 արտոնությունը։ Կտակը պետք է տնօրինվի անվանական նշված երեք անհատների կողմից, որոնցից հայազգի է միայն մեկը։ Նրանք Քրքորյանի մահվանից հետո երեք տարվա ընթացքում (որի մեկ տարին անցել է) պետք է արդեն այդ գումարի բաժանումը կատարած լինեն։
Չնայած այս եռյակի որոշման վրա որևէ սահմանափակում չկա, բացառությամբ, որ որոշումները պետք է լինեն մեծամասնության սկզբունքով` ես այնուամենայնիվ կարծում եմ՝ այս անհատների վրա կա բարոյական պարտավորություն, որը բխում է Քրքորյանի՝ հատկապես վերջին քսան տարիներին կատարած բարեգործական նվիրաբերումների առաջնայնություններից։
Քըրք Քրքորյանը բարեգործական նվիրաբերումներ արել է երեք հիմնական ուղղություններով․
1-ին՝ ամերիկյան հաստատություններին, հատկապես՝ կրթական, 2-րդ՝ հայկական կազմակերպություններին՝ կրթական, մշակութային, հրատարակչական և այլ, 3-րդ, որը եղել է նրա նվիրաբերումների ամենածավալուն մասը, Հայաստանին»։





