Գյումրիում նոյեմբերի 10-ին կաշառք ստանալիս ձերբակալվել է Շիրակի մարզի Գյումրու տարածքային զինկոմիսարիատի բաժնի պետը։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի տեղեկացմամբ՝ Շիրակի մարզի Գյումրու տարածքային զինկոմիսարիատի 4 րդ բաժնի պետ, մայոր Արտեմ Արտաշեսի Մարգարյանը ձերբակալվել է ՀՀ ՊՆ ՌՈ ՕՀ և ՀՕԾ բաժինների աշխատակիցների կողմից ձեռնարկված հատուկ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում՝ կաշառք ստանալիս։
Գործով կատարվում է քննություն։
Հունիսի 1-ին ՀՀ ՊՆ ՌՈ հատուկ օպերատիվ ծառայության աշխատակիցների կողմից 5000 ԱՄՆ դոլար, ստանալու ժամանակ ձերբակալվել էր Երևան քաղաքի Մաշտոցի զինկոմիսարիատի 2-րդ բաժնի պետ, փոխգնդապետ Շանթ Ավետիսյանը:
Մայիսի 30-ի ուշ երեկոյան ձերբակալվել էին գեներալ Մելս Չիլինգարյանը, գնդապետեր Մհեր Պապյանը և Արմեն Մարգարյանը: Նրանք կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու, այն է՝ իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ անգործության մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ, հայտնում է քննչական կոմիտեն։
Մեկ այլ քրեական գործով ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի քիմիական, ինժեներական և հետախուզական միջոցներով ապահովման բաժնի պետ, գնդապետ Մհեր Պապյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
Նոյեմբերի 10-ին վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին հորդորել է հատուկ ուշադրություն դարձնել զորակոչն արդար պայմաններում անցկացնելու հարցին:
«Պարոն Սարգսյան, մենք Ձեզ հետ զրուցել ենք զորակոչվելու հետ կապված հարցերի մասին, մասնավորապես, արդար պայմանների, որի մասին խոսել եմ նաև Լեռնային Ղարաբաղ այցի ժամանակ՝ հարցազրույցի ընթացքում: Խնդրում եմ դրան հատուկ ուշադրություն դարձնել»,- ասել է վարչապետը:





